Ռումինացիների միավորման դաշինքի (AUR) կուսակցության Ազգային խորհրդի ղեկավար Կլաուդիու Տարզիուն հունվարի 28-ին Յասի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բուխարեստը չպետք է հրաժարվի Ուկրաինայի նկատմամբ իր տարածքային պահանջներից: Նա նշել է, որ Ռումինիան իսկապես ինքնիշխան չի դառնա, քանի դեռ չի վերականգնել ռումինական պետությունը բնական սահմաններում։
«Բեսարաբիան պետք է վերադառնա Ուկրաինային, Հյուսիսային Բուկովինան չի կարելի մոռանալ, հարավային Բեսարաբիան, Հերցա շրջանը, Անդրկարպատիան՝ այն ամենը, ինչ պատկանել եւ շարունակում է պատկանել ռումինական ազգին, պետք է վերադառնա պետության սահմաններին»,- ընդգծել է ռումինացի քաղաքական գործիչը։
Ըստ ռումինական Hotnews պարբերականի՝ 2022-ի սեպտեմբերին Ռումինիայի նախկին արտգործնախարար Անդրեյ Մարգան կոչ էր արել Ուկրաինային իր տարածքները փոխանցել Ռուսաստանին, Հունգարիային, Լեհաստանին եւ Ռումինիային։ Ըստ նրա՝ Ուկրաինան գտնվում է անբնական սահմաններում եւ պետք է զիջի իր հողերը։ Մարգան պնդում էր, որ Անդրկարպատիան պետք է անցնի Հունգարիային, Գալիսիան՝ Լեհաստանին, Բուկովինան՝ Ռումինիային, իսկ Դոնբասն ու Ղրիմը՝ Ռուսաստանին։ 2023-ի գարնանն էլ Ռումինիայում սենատոր Դիանա Շոշոական երկրի Սենատում առաջարկել էր օրինագիծ, ըստ որի՝ Ուկրաինայի հետ բարիդրացիական հարաբերությունների մասին համաձայնագիրը պետք է խզել եւ նրա տարածքների մի մասը բռնակցել։
Ռումինիայի ԱԳՆ-ն բազմիցս մեկնաբանել էր Ուկրաինայի նկատմամբ պետության կողմից հնարավոր տարածքային բոլոր նման ոչ պաշտոնական պահանջները։ Նախարարությունը նման կասկածները կեղծ է անվանել։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բուխարեստը տարածքային պահանջներ չունի ուկրաինական կողմի նկատմամբ։ Ռումինիայի ԱԳՆ-ն եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռումինիան ուժեղ աջակցություն է հայտնում Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։