Փաշինյանն ու իր թիմը շարունակում են հերքել արտահերթ ընտրությունների հավանականությունը, սակայն նախատեսվող նոր Սահմանադրությունը կրկին հակառակն է ապացուցում:
Նոր Սահմանադրությունը պետք է ապահովի փոքրամասնության կառավարություն ձեւավորելու հնարավորությունը, դրա վառ օրինակը տեսանք Երեւանի ավագանիում:
Հնարավոր է Փաշինյանը ցանկանում է նույն կերպ վերարտադրվել իր «դաշնակից» կուսակցություններից մեկի հետ. ամենահավանական տարբերակը «Հանրապետություն» կուսակցությունն է (Արամ Սարգսյան):
Այդպես նա նաեւ կարող է ապահովել ՔՊ-ի խաղաղ հեռացումը եւ իշխանությունը տալ այնպիսի կոալիցիայի, որը կերաշխավորի իրանվտանգությունը, քանի որ արտասահմանում դրա երաշխիքները դժվար թե դեռեւս ստացած լինի, իսկ քաղաքական ապաստանը լավագույն ելքը չէ: Թեեւ բացառված չէ, որ պայմանավորվածությունը կխախտվի, ուստի ավելի լավ տարբերակ է վերարտադրվել եւ ժամանակ շահել:
Աշխարհում տիրող աննախադեպ անիշխանությունը կարող է ազդեցություն ունենալ իր դիրքերի վրա, եթե լարվածությունը հասնի հայ-ադրբեջանական սահմանին, եւ չկարողանան կանգնեցնել այն 2022-ի պես:
Ուստի նրան անհրաժեշտ է է՛լ ավելի կառավարելի խորհրդարան ու «խաղաղության» օրակարգի նոր մանդատ, սակայն հարցական է` նա ո՛ր բեւեռի պահանջները կբավարարի: Ցավոք, այսօր ներհայաստանյան գործընթացները դրված են դրսի աննախադեպ կառավարման տակ:
Դժվար թե նա կարողանա դիմանալ մինչեւ 2026-ը, որովհետեւ այլեւս չի կարող դիմադրել իր ավանդական մեթոդներով, իսկ վարչական ռեսուրսը փրկօղակ չէ, ինչպես ցույց տվեցին ավագանու ընտրությունները:
Ընտրությունների «մաքրությունը» Արեւմուտքի հետ հարաբերություններում նրա կարեւորագույն խաղաքարտերից է, ուստի զանգվածային ընտրակեղծիքներ դժվար թե լինեն:
Նոր սահմանադրությունը կարծես թե իր ազդեցությունն է ունենալու նաեւ Անկախության հռչակագրի կետերի վրա, կամ ընդհանրապես դրանք հեռացվելու են:
Իշխող թիմից ո’չ հաստատում են, ո’չ էլ հերքում: Արարատ Միրզոյանը ասուլիսի ժամանակ նույն գծի մեջ էր, սակայն ասաց, թե հայկական կողմը նույնպես իր նկատառումներն է արել Ադրբեջանի սահմանադրության որոշ կետերի վերաբերյալ, բայց թե դրանք ինչ ազդեցություն են ունեցել կամ կունենան, չասաց:
Մի կողմից՝ Փաշինյանը փաստացի ոչնչացրել է Երրորդ հանրապետության սահմանած արժեքներն ու նպատակները (նրա նախորդները նույնպես շատ մեծ սխալներ են թույլ տվել այդ ուղղությամբ), մյուս կողմից էլ Փաշինյանի առաջարկած «նոր» պետությունը կլինի ոչ այլ ինչ, քան ծայրագավառ:
Այսպիսով՝ միջազգային ներկա դրությունն ու տարածաշրջանային նոր իրողությունները զուտ պատրվակ են, անհանգստության պատճառը իշխանության սասանվող դիրքերն են: Պետք է ձեւավորվեն «Ո’չ»-ի ամուր ճամբար եւ արտահերթ ընտրությունների ընդդիմադիր այնպիսի դասավորվածություն, որ Փաշինյանն ու նրա «դաշնակից» ուժերը հաղթանակ չտանեն:
Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումը արդեն նեղացել է…
Արմեն Մկրտչյան