2013-ի հունվարի 29-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ժամանումը համեմատել է աստվածաշնչյան Մովսեսի գալստյանը Կարմիր ծովից։ «Ցանկացած քարոզարշավում երեւի հնարավոր են նաեւ բացասական տարրեր, սակայն պետք է նայենք շատ ավելի լայն հայացքով, ավելի վերլուծական հայացքով»,- այս համեմատության առիթով ասում է ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մի կերպ ծիծաղը զսպելով տեղեկացնում է, որ ՀՀ պետական գանձարանում այսօր կա մոտ 89,5 կգ ոսկի, որից 75 կգ-ը ջարդոն է։ Ի՞նչ գործ ունի ջարդոնը պետական գանձարանում: «Երբ ինչ-որ քրեական գործով քաղաքացուց բռնագանձվում են ոսկյա իրեր, դրանք մուտք են արվում պետական գանձարան»,- պարզաբանում է նախարարը։
ՀՀ իշխանությունները պատրաստվում են մեծ շուքով նշելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ «Ցեղասպանության 100-րդ տարելիցը դառնալու է նոր վերելքի, նոր համախմբման շրջան»,- պետական հանձնաժողովի նիստում խոստանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ստիպված է պարզաբանել, թե ինչու է ՀՀԿ-ն կոալիցիա կազմում ՀՅԴ-ի հետ, եթե դրանից առաջ համապետական որեւէ ընտրություն չի եղել։ «Դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն եւս մի ընտրական պրոցես է, Հայաստանի ապագա կառավարման ընտրության մոդել է, բնականաբար այստեղ ե՛ւ մեր, ե՛ւ ՀՅԴ-ի կարծիքները համահունչ էին, ուստի բնական եմ համարում, եւ պետք չի զարմանալ, որ համագործակցությունը կլինի հետագայում»։
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը պարզաբանում է, թե ինչու են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացրել ԱՄՆ-ի հայ համայնքին, բայց ոչ ՌԴ հայ համայնքին․ «Դժբախտաբար, Ռուսաստանի հայկական համայնքի հետ հավաքներ կազմակերպելն անհնարին է, եթե դու իշխանություն չես, կամ գրեթե անհնարին է, որովհետեւ այդ համայնքը վախենում է հա՛մ Հայաստանի իշխանություններից, հա՛մ Ռուսաստանի»։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոստովանում է, որ ռուսաստանյան քրեական աշխարհի հետ իր կապերով հայտնի «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանը աշխատել է ԱԳՆ-ում. «Այո, պարոն Թաթուլյանը եղել է նախարարի խորհրդական 2016 թվականի կեսերից մինչեւ 2017 թվականի վերջը, եւ ինքը զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով»։
Դաշնակցությունը հաստատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու բարդույթներ չունի: «Պարոն Փաշինյանի հետ մենք խոսում ենք շատ կառուցողական մթնոլորտում, հասկանալի ենք դարձնում միմյանց տեսակետները։ Էդ առումով իսկապես ես լավատեսորեն եմ տրամադրված մեր հետագա համագործակցությանը»,-ասում է ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Մարտի 1-ի գործով կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանը աղոտ զգացում ունի, որ իրեն վիճակված է շատ կարեւոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում. «Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ»։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Ղարաբաղում կրած պարտությունից հետո Հայաստանի հետ Թուրքիայի հաջորդ խնդիրը ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն է եւ Թուրքիայի սահմանների ճանաչումը. «Այսինքն՝ Թուրքիան կցանկանա, օգտվելով Հայաստանի պարտության հանգամանքից, կորզել այն զիջումները, որն ինքը ակնկալում է արդեն տասնամյակներ Հայաստանից»։
Գեղարքունիքում տարածքներ գրաված ադրբեջանցիներն արդեն անտանելի են դարձրել հայ գյուղացիների սոցիալական դրությունը: «9 կմ է այստեղից մինչեւ սահման, 3 կիլոմետրը մերն է, 6-ն իրենց ձեռքում է, պատկերացրեք՝ ինչքան են իջել։ Էս տարի կրակեցին տրակտորի վրա, չկպավ»,- պատմում է Նորաբակ գյուղի բնակիչներից մեկը: «Մեր խոտհարքների 80%-ն ադրբեջանցիների մոտ է, ջրի կապտաժներն են փակել»,- ավելացնում է մյուսը: Գյուղացիներն իրենց զգում են դատապարտված. «Դրանք, որ եկել են, էլ հետ գնացողը չեն»:
Հայաստան է այցելում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Այս պատմական այցի կարեւորությունը ցույց տալու համար վարչապետ Փաշինյանը հյուսիսաֆրիկյան երկրի առաջնորդին տեղեկացնում է. «Ի պատիվ Ձեզ՝ Երեւանում առաջին ձյուն է տեղում»:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: