Բանասեր, թարգմանիչ Խորեն Գասպարյանի հետ զրույցը Վանաձորի «Արցախ» պուրակում էր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ թեման Կիրովական-Վանաձորը պետք է լիներ, քաղաքի անցյալը, ներկան, մարդիկ․․․ Եվ ապագան, որի մասին սովորույթի ուժով ասում ենք՝ լավ է լինելու։
«Է՛ս է մեր իրականությունը՝ չտեսություն։ Այսօրվա Վանաձորի պատկերն է»․ մտավորականը պուրակի տարածքում անընդհատ վեր ու վար անող կվադրոցիկլերն է մատնացույց անում, որոնց աղմուկի պատճառով մերթընդմերթ ընդհատում ենք զրույցը։ Ապա նկատում է՝ Արցախի անունը կրող պուրակում ենք, նայե՛ք Արցախի Հանրապետության դրոշին՝ փողփողում է, բայց այսօր Արցախը չկա, մեզ միայն անունն է մնացել։
Ի դեպ, արդեն մաշված դրոշը պուրակի միակ խորհրդանիշն է, որ հիշեցնում է Արցախը։ Տարածքի մշտական աղմուկն «ապահովող» ժամանցի կենտրոնն էլ սեփականատերերը Արցախ են կոչել։
Համատարած խավարի մեջ լույսը կորչում է
«Մի տեսակ անմարդկային անտարբերություն է ամենուր, եսասիրություն։ Առաջ մարդիկ իրար օգնում էին, հարեհաս էին։ Այսօր բոլորը սեփական շահի մասին են մտածում։ Հարեւանիդ երեխան, քո երեխան, մեր եղբայրները Արցախում զոհվում են, տեղահան են լինում, իսկ այստեղ քեֆ, ուրախություն է, երաժշտություն են լսում։ Այնպիսի վիճակ է, որ նյութապես լավ լինելով՝ անգամ եղբորն են մոռանում։
Էսօրվա երիտասարդներն ավելի պրագմատիկ են, լավ է, բայց դրա հետ մեկտեղ բարոյական արժեքներ են կորչում։ Չեմ ուզում քննադատել, բայց նրանց մեջ էլ անտարբերությունը բույն է դրել։ Մտածում են՝ աշխատանք ունենան, եթե այստեղ չէ, գոնե դրսում, վիճակը լավ լինի, գնան։ Եվ արդեն Հայաստանի մասին՝ որպես պետության, որպես հայրենիքի, չեն մտածում։
Երեւի ամբողջ աշխարհում է էդպես։ Բայց ուրիշ տեղերում պետությունների, հայրենիքների վիճակն էնքան բարվոք է, որ մարդկանց հավաքական, միասնական լինելն արդեն կարեւոր չէ նրանց համար։ Իսկ մենք գոյության խնդիր ունենք։ Մեր թշնամին մեզ ոչնչացնելու հստակ նպատակ է դրել։ Այնտեղ մարդիկ կարող են պրագմատիկ լինել ու մտածել սեփական շահի մասին։ Իսկ մենք առաջին հերթին պետք է մեր ընդհանրական շահը պահենք, որպեսզի ամեն մեկիս սեփական շահը պաշտպանվի։ Բայց հասարակությունն այլեւս չի միավորվում։ Տարբեր կղզյակներ կան, լավ, լուսավոր կետեր, որ համատարած խավարի մեջ դանդաղ մարում են»։
Վախենում եւ լռում են
«Լինելով գրականության, մշակույթի մարդ՝ չեմ ուզում քննադատել ուրիշներին, քանի որ ես իմ տեղում ի՞նչ եմ անում։ Իմ կարողացածն անում եմ, եւ արդյունք չի լինում։ Իմ նմանները չեն կարողանում միավորվել՝ տարբեր խնդիրներով պայմանավորված՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական։ Ամեն մեկը սեփական շահի մասին է մտածում։ Եթե ես, որպես մտավորական, վախենալով իշխանավորից, պաշտոնյայից, սեփական գործը կորցնելուց, կամ որ ինձ ինչ-որ բաների համար կարող է մեղադրեն եւ ինչ-որ ձեւով լռեցնեն, կամավոր լռում եմ, նշանակում է՝ ինքս եմ պատասխանատու այս իրավիճակի համար։
Այդպես էլ ցանկացած մեկը։ Նախկին իշխանությունների օրոք ես ընդդիմադիր եմ եղել, էսօր էլ եմ ընդդիմադիր եւ մտածում եմ, որ իշխանությունը, երկրի առաջին դեմքը ամենամեծ մեղավորն է ստեղծված իրավիճակում։ Բայց եթե ես ասում եմ մի բան եւ դրանից տուժում եմ, հետո ստիպված լռում եմ, նշանակում է՝ չեմ կարող միավորվել եւ խոսել խնդիրների մասին։ Սա ամբողջ ժողովրդի մեջ է նստած։ Եվ սո՛ւտ է, մի մե՜ծ միֆ է, որ մեր ժողովուրդը ստեղծող է, ամեն ինչ հրաշալի է անում, մտածում է ապագայի մասին։ Ո՛չ։ Ցավոք, ո՛չ։ Մեր մեջ եղած բացասականը, վատը դուրս եկան ջրի երես։ Ցեղասպանվում ենք՝ վախենում ենք խոսելուց։ Մտածում են նեղ, սեփական ընտանիքի, սեփական շահի մասին։ Մեծամասնության մասին է խոսքը»։
Ո՞ւր է ապագան
«Սովետը իհարկե վատ էր գաղափարական, պարտադրանքի, ճնշման առումով։ Շատերս ընդվզում էինք։ Բայց լավ էր էն առումով, որ մարդիկ ապագայից չէին վախենում։ Էսօր վախենում են, էսօր գալիք չեն տեսնում, որքան էլ ոմանք ասեն՝ ապագա կա։ Ո՞ւր ա էդ ապագան, ժողովո՛ւրդ ջան։ Իսկ ներկա կա՞։ Հայաստանը փոքրանում է, քանի գնում, իրավիճակը վատանում է, դժվարանում։
Տա Աստված՝ ամեն բան լավ լինի, ասենք՝ ինչու էինք տխուր կանխատեսումներ անում։ Չնայած որ տխուր լինելու պատճառները գիտենք՝ մեր կորուստներն են, որոնք ցավալիորեն շատ եղան։
Ես էլ կենսախինդ մարդ էի, բայց տրամադրությունս աստիճանաբար դարձավ տխուր, վերջին ժամանակներում՝ հոռետեսական։ Չեմ վախենում այդ բառն ասելուց, քանի որ էն սուտ էնտուզիաստների ու մյուսների նման չեմ, որ ասեմ՝ լավ է լինելու։ Ասում ենք՝ լավ է լինելու, հետո կյանքը գալիս է, բռունցքով հարվածում դեմքներիս, ասում է՝ սա՛ է լավը։
Կիրովականն ու Վանաձորը
«Կիրովականը արդյունաբերական քաղաք էր, եռուզեռի մեջ էր, մարդիկ շատ էին եւ հավատում էին․․․ Չմտածեք հանկարծ, որ կարոտախտ եմ ապրում խորհրդային տարիների հանդեպ։ Չէ։ Նույն մարդիկ, որ այդ շրջանում լի էին էնտուզիազմով, ընտրեցին անկախությունը։ Այսինքն՝ հիմա նրանք միամի՞տ էին, որ մտածում էին, թե երկիրը լավ է լինելու, գնալու է գաղափարապես անկախ վիճակի, թե՞ էդ մարդիկ դեմ էին սոցիալական իրենց լավ ապրելակերպին։
Բայց կյանքը եկավ, ցույց տվեց՝ Վանաձորը հիմա տխուր քաղաք է։ Ում համար ուրախ քաղաք է, թող գա, ինձ ժխտի եւ կռվաններ, ապացույցներ, փաստարկներ բերի, որ այդպես չէ։ Քաղաքում եռուզեռ էր, մտավորականությունը հավաք էր։ Այսօր մտավորականություն չկա որպես խավ, կան առանձին մտավորականներ։ Այսինքն՝ փսորած վիճակում են, որովհետեւ հեռանկար չեն տեսնում։ Գումարած վերջին տարիների վիճակը՝ 2020-ից մինչեւ այսօր․ ահավոր այդ պատերազմը, զոհերն ու Արցախի կորուստը»։
Բեռի տակ տնքացող ձիուն աստղերը չեն հմայում
«Կար ծաղկի տոն, կար երգի տոն, կային տարբեր՝ գրականության եւ արվեստի միջոցառումներ։ Այսօր էլ քաղաքային, մարզային իշխանությունները փորձում են ինչ-որ բան անել, բայց մարդկանց մեջ սիրտ, հոգի չի մնացել։ Թեթեւ արդյունաբերությունը, մի քանի գործարաններ են աշխատում, դա լավ է, բայց հատկապես կանայք գնում են, աշխատում են, չարչարվում են, գալիս են տուն, հոգնած, ջարդված, ընտանիքի հոգսերի մասին մտածելով։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԹարգմանչի աշխատանքը նման է լարախաղացի գործին. Խորեն Գասպարյան |
Իմ ամենասիրած բանաստեղծը չէ Գեւորգ Էմինը, բայց մի հետաքրքիր, լավ տող ունի՝ կարո՞ղ է հմայել աստղերի օրորը ձիուն, որ բեռի տակ տնքում է։ Հիմա բեռի տակ տնքացող ձիու է նման էս ժողովուրդը։ Հրանտ Մաթեւոսյանի ասած՝ բեռնաձիեր։ Հնարավորություններ կան, բայց կամք, նվիրում, բարոյականություն ունեցող մարդկանց խանգարողներն են շատ։ Եվ հատկապես նրանք են խանգարում, ովքեր պատասխանատու են էս երկրի համար։ Ինչո՞ւ չեն ուզում, որ էդ հնարավորությունները աճեն, զարգանան։
Քաղաքը ներուժ ունի, բայց մարդիկ հեռանկար չեն տեսնում ու դուրս են գալիս։ Ամբողջ Հայաստանում է էդպես։ Մի Երեւան է՝ ուռճացված մայրաքաղաք, որտեղ նույնպես նույն տրամադրությամբ են մարդիկ»։
Զրոյացած արժեքներ
«Վանաձորում շատ ջերմություն կա միմյանց հանդեպ։ Իրար օգնելու տրամադրվածությունը դեռ ամբողջովին չի վերացել։ Նվազել է, բայց չի վերացել։ Եվ էդ մնացածը, եթե ծիլեր տա, լավ կլինի։ Դա է փարատում այսօրվա տխրությունը։ Վանաձորից հեռանալու մասին միայն վերջերս եմ սկսել մտածել։ Բայց ոչ թե ուզում եմ հեռանալ, այլ իմ ուզածն է վերանում։ Եթե օտարն է գալու այստեղ, ավելի լավ է՝ ես օտար լինեմ օտարների մեջ, քան օտար լինեմ իմ երկրում, որն այլեւս իմը չի լինի։
Ընկերներ ունեի, որ դրսում աշխատում էին, բայց անպայման վերադառնալու, հայրենի քաղաք գալու մտադրություն ունեին։ Ոմանք մահացել եւ թաղվել են դրսում՝ Ռուսաստանում, Ամերիկայում եւ այլն։ Նախկինում գոնե բերում էին։ Հիմա ասում են՝ հնարավորություն չունեն։ Ոմանք էլ ունեն, էնտեղ ճոխ գերեզմաններ են սարքում։ Բարոյական արժեքները դարձել են զրո։ Մեր տան մեջ օտար չպիտի լինենք։ Սրա մասին է խոսքը»։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։