Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունից տեղեկանում ենք, որ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր կորցրել է մոտ 2600 տանկ։ 23-ամսյա պատերազմի ընթացքում Ռուսաստանը պատերազմում կորցրել է նաեւ մոտ 4900 այլ զրահատեխնիկա։
2023-ին Ռուսաստանը պատերազմում կորցրել է մոտ 40%-ով ավելի քիչ տեխնիկա, քան 2022-ին: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ 2023-ի պատերազմն իր բնույթով շատ ավելի անփոփոխ է եղել, եւ ռուսական ստորաբաժանումները տարվա մեծ մասում գործել են պաշտպանական ռեժիմով։
2023 թվականի հոկտեմբերից, երբ Ռուսաստանը վերսկսեց հարձակումը Ուկրաինայի արեւելքում, ռուսական ԶՈՒ-ն կորցրեց եւս 365 մարտական տանկ եւ 700 մարտական մեքենա։ Այդքան ռազմական տեխնիկայի կորստով հանդերձ՝ Ռուսաստանն աննշան տարածքային նվաճումներ ունեցավ։
Միեւնույն ժամանակ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հետախուզությունն ընդգծել է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկարողանա ամսական արտադրել առնվազն 100 տանկ: Նման պարագայում Մոսկվան ի վիճակի է փոխհատուցելու մարտի դաշտում կրած կորուստները եւ տեսանելի ապագայում շարունակել հարձակումը։