Որպեսզի համայնքային բյուջեի նախագիծը, համայնքում նախատեսված աշխատանքները բնակչի սրտով լինեն, վերջերս ե՛ւ պետական, ե՛ւ համայնքային մակարդակներում ակտիվորեն քայլեր են ձեռնարկվում մասնակցային բյուջետավորման համակարգի ներդրման եւ կայացման ուղղությամբ։
Սակայն գանք սկզբից, գիտի՞ արդյոք բնակիչը, թե ինչ է մասնակցային բյուջետավորումը. մեր զրույցներից պարզվեց՝ չգիտի:
Յուրաքանչյուր բնակիչ պետք է իմանա, որ մասնակցային բյուջետավորումը գործընթաց է, որի միջոցով ինքն անմիջականորեն քննարկում ու որոշում է, թե որտեղ է ծախսվելու իր գյուղի կամ քաղաքի բյուջեն:
Մինչեւ 2023 թվականը համայնքներում բյուջետային գործընթացին բնակչին մասնակցելու հնարավորություն տալու համար համայնքի ղեկավարությունը մի քանի քայլով սահմանափակվում էր. համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին էին կազմում, հանրային լսումներ անում եւ լավագույն դեպքում ոմանք ներկայացնում էին ավագանու նիստի օրակարգ: Բնակիչը կարող էր միայն առաջարկել ծրագրեր, իսկ առաջարկի ճակատագիրը միայն համայնքի ղեկավարի ձեռքում էր. կուզի՝ կընդգրկի, չի ուզի՝ չի ընդգրկի բյուջեի նախագծում:
Այս տարվանից քաղաքացիների կարծիքը կարեւորելու գործիքների շրջանակն ընդլայնվել է. տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից գործարկվել է «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման» նոր մոդել: Ըստ դրա՝ համայնքի բնակիչները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արդեն ուղղակիորեն կարող են մասնակից դառնալ բյուջեի ձեւավորմանը, առաջարկել համայնքային ծրագրեր եւ քվեարկությամբ ընտրել ֆինանսավորվող ծրագիրը։
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանը խնդրին քաջածանոթ է: Ծրագիր է իրականացնում գյուղական բնակավայրերում, բնակիչների հետ աշխատանք տանում, փորձում գիտակցական նոր մակարդակի հասցնել նրանց: Բնակիչը պետք է հստակ գիտենա, որ դիտարկում անելը, ծրագրեր առաջարկելը քաղաքացու պարտականությունն է:
Հարությունյանը վստահ է, որ այս գործն ինքն իրեն գլուխ չի գա, բնակիչն ու համայնքային իշխանությունն էլ ինքնուրույն չեն կարող բարձր մասնակցայնություն ապահովել: Անհրաժեշտ են թե՛ ակտիվ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, թե՛ զանգվածային լրատվական միջոցների ներգրավումը:
Ըստ նրա՝ իշխանությունը հիմնականում օրենքի տառը պահում է, իրավական ակտերի սահմանված դրույթները նույնպես. հանրային լսումներ են անում, նախագծեր հրապարակում: Բայց դա մեդալի միայն մեկ կողմն է: Իրականության մեջ դրանք հիմնականում ձեւական են՝ ֆորմալ պահանջները պահպանված են, բայց ո՛չ բովանդակություն կա, ո՛չ էլ բնակչի իրական մասնակցայնություն:
«Խնդիրը երկկողմանի է,- ասում է Հարությունյանը,- բնակիչը չի ուզում մասնակցել բյուջեի քննարկմանը, իշխանությունն էլ այնքան էլ ոգեւորված չէ բնակչի մասնակցայնության մտքից»:
Թե ինչու բնակիչը չի ուզում մասնակցել իր համայնքի խնդիրների լուծմանն ու պարտավորություն վերցնել իր վրա, ըստ մեր զրուցակցի, մի քանի պատճառ կա:
«Բնակիչը չի հավատում, որ իր առաջարկը տեղ կգտնի նախագծում: Պատճառներից մեկն էլ քաղաքացու անտարբերությունն է. իր առօրյա գործով է զբաղվում ու չի հետաքրքրվում հաջորդ տարի համայնքային բյուջեում ինչ նախագիծ է լինելու, ինչ հատկացումներ են արվելու իր համայնքում: Հարցը բարձրաձայնում է միայն այն ժամանակ, երբ ուղիղ բախվում է խնդրին»,- ասում է Հարությունյանն ու օրինակ բերում. քաղաքացին արթնանում ու տեսնում է, որ համայնքում ձյունը չի մաքրվում, ճանապարհը սառցակալած է: Տարերայնորեն բողոքում ու սահմանափակվում է դրանով: Այնինչ, եթե մեկ տարի առաջ ձյուն մաքրող մեքենայի պահանջ դներ իշխանության առաջ, այսօր այդ խնդրին չէր բախվի:
Որ համայնքային իշխանությունը երբեմն քաղաքացու կարծիքը հաշվի չի առնում, Հարությունյանը միտումնավոր չի համարում, ասում է՝ ոչ թե չի ուզում բնակչի առաջարկն ընդգրկել բյուջեում, այլ նախապես պետական իշխանությունների հետ գործակցել ու բյուջեի որոշակի կառուցվածք են ստեղծել եւ չեն ուզում փոփոխել պատրաստի նախագիծը: Բայց ժամանակն է, որ քաղաքացու առաջարկը դիտարկվի որպես առաջնահերթություն:
Թե երբ քաղաքացին կգիտակցի, որ ինքնանպատակ ու անհասցե բողոքելն իր դարդին դարման չէ, անհայտ է, բայց որ նախօրոք հայտարարված հանրային լսումներն անցկացվում են հիմնականում առանց այդ նույն բողոքող քաղաքացիների, փաստ է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։