Մեծ Բրիտանիայի արտգործնախարար եւ նախկին վարչապետ լորդ Դեյվիդ Քեմերոնը երեքշաբթի՝ հունվարի 30-ին, չի բացառել, որ իր երկիրը կճանաչի անկախ Պաղեստին պետությունը։ Դրա մասին հայտնել է բրիտանական հեռուստառադիո կորպորացիան։
Քեմերոնը համոզմունք է հայտնել, որ Բրիտանիան պատասխանատու է իր արտաքին քաղաքականության համար:
Նա նշել է, որ պաղեստինցիները պետք է տեսնեն «անշրջելի առաջընթաց» «երկու պետություն երկու ժողովուրդների համար» բանաձեւի եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության խթանման ուղղությամբ:
«Երբ դա տեղի ունենա, մենք դաշնակիցների հետ կքննարկենք Պաղեստինի պետությունը՝ ներառյալ ՄԱԿ-ի միջոցով ճանաչելու հարցը։ Սա այն հարցերից մեկն է, որը կօգնի այս առաջընթացն անշրջելի դարձնելու»,- ասել է նա:
Քեմերոնը Իսրայելին կոչ է արել ավելի շատ մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հատվածին։ Ըստ նրա՝ զավեշտալի է, որ բրիտանական եւ օտարերկրյա կենսական օգնությունը հասցվում է հենց սահմանին: