Մի այսպիսի մտքի հանդիպեցի, թե հայոց պատմության մեջ ժողովուրդն ավելին է, քան պետությունը, եւ հիմա անհրաժեշտ է ընդգծել ու շեշտադրել պետականության կարեւոր դերը։
Առաջին հայացքից սա իսկապես կարեւոր եւ նույնիսկ գայթակղիչ ձեւակերպում է, բայց իրականության մեջ՝ անիմաստ ու անբովանդակ։
Իմ համոզմամբ՝ հայ ժողովրդի պատմության թերեւս ամենամեծ հիմնախնդիրն այն է, որ դրա մեջ մշտապես բացակայել է հենց ժողովուրդը։ Մեծ հաշվով մեր պատմությունը թագավորների, իշխանների եւ եպիսկոպոսների գործունեության վերարտադրությունն է։ Իսկ ժողովրդական կյանքի, կենցաղի, առօրյայի մասին մենք իսկապես շատ քիչ բան գիտենք։
Ի տարբերություն արաբ եւ պարսիկ պատմիչների՝ մեր գրիչները, որպես կանոն, շատ ավելի սակավախոս են եղել, չեն ցանկացել կամ էլ չեն կարողացել խորանալ մանրամասների մեջ, ինչի հետեւանքով էլ հայագետները միայն առանձին պատառիկների հիմքի վրա են կարողանում պատկերացում կազմել սոցիալական եւ տնտեսական իրականությունների մասին։
Բացի այդ՝ հայոց պատմության վերաբերյալ շատ են անթույլատրելի պնդումները կամ էլ կարծրացած ընդհանրացումները։ Իբրեւ թե այն ողբի եւ սգի պատմություն է կամ էլ պարբերաբար մորթվող եւ դրսից օգնություն աղերսող էթնիկական խմբի տվայտանքների մի ժողովածու։
Եթե ինչ-որ պոետներ կամ էլ լրագրողներ հայոց պատմությանը այսպիսի գեղարվեստական գնահատականներ են տալիս, չի նշանակում, որ իրականությունն հենց այդպիսին է։ Մարդկանց առաջարկում եմ Խորենացու «Ողբից», Դեմիրճյանի «Վարդանանքից» զատ իսկապես հայագիտական լուրջ աշխատություններ կարդալ։
Ավելին՝ պատմության վերաբերյալ ճանաչողության ձգտումը չփոխակերպել անցյալում ինչ-որ ցնցող սենսացիա գտնելու պարզունակ փորձառության։ Մոռանալ անցյալից դասեր քաղելու հայրական պատգամն ու պատմությանը մոտենալ զուտ պատմության համար՝ առաջնային պլան մղելով ճանաչողության կիրքն ու մոլեռանդ հետաքրքրությունը անցյալի մարդկանց նկատմամբ։
Անհեթեթ է նաեւ այն մտայնությունը, թե արհեստական եւ անբնական միջամտություններով կարելի է պատմություն առարկայի միջոցով անհատից քաղաքացի կերտել։ Այս փորձառությունը հատկապես զավեշտալի արդյունքներ է արձանագրում Հին աշխարհի պատմության եւ Միջնադարի համանման մեկնաբանության պարագայում։
Չի կարելի պատմությանը մոտենալ 21-րդ դարի աչքերով եւ անցյալի մարդկանց վերագրել մեր աշխարհայացքը, զգացմունքներն ու նույնիսկ բարդույթները։
Միջնադարի մարդը չէր կարող ունենալ պետականամետության եւ հայրենասիրության մասին նույն պատկերացումները, ինչ մենք։ Նա ապրել ու գործել է բոլորովին այլ տնտեսական, իրավական, քաղաքական ու մշակութային հարթություններում։
Օրինակ՝ 14-րդ դարի հայ թագավորի համար իր պետությունն ընդամենը հայրական կալվածք էր, իսկ այնտեղ ապրող գյուղացիները՝ շահագործման ենթարկվող եւ սեփականության իրավունքից զրկված ճորտեր։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք պատեհ եւ անպատեհ առիթներով պնդում են, թե անհրաժեշտ է վերադառնալ մեր արմատներին, հավանաբար չգիտեն, որ իրենց փափագած ոսկեդարյան վարդագույն միֆում իրենք սերնդեսերունդ շահագործվող ճորտեր էին լինելու։
Ճորտեր, որոնք չէին ունենա կյանքի եւ գույքի անձեռնմխելիություն ու հավանաբար 40 տարեկանում կմեռնեին որեւէ համաճարակից կամ էլ իշխանների սանձազերծած ինչ-որ անմիտ պատերազմից։ Ինձ թվում է՝ մարդիկ առաջին հերթին հենց այս պատճառով պետք է պատմություն սովորեն, որ կարողանան արժեւորել ժամանակակից կյանքը, գիտությունը, բժշկությունը եւ այսպես շարունակ։
Ինձ թվում է, որ անհատը զգացմունքների արհեստական գրգռման միջոցով չի կարող պիտանի մարդ ու քաղաքացի դառնալ։ Պետականամետության եւ հայրենասիրության մասին պարզունակ հեքիաթները չեն կարող ամուր եւ երկարաժամկետ մշակութային միջավայր ձեւավորել։ Ու ընդհանրապես ինչո՞ւ ենք մենք այդքան համոզված, որ լուսավոր այս դարաշրջանում արխայիկ ու վուլգար այս միջամտություններով կարող ենք ինչ-որ մեկից ինչ-որ մի բան կերտել։
Ո՞վ եք դուք, եւ ո՞վ ենք ընդհանրապես մենք։
Հայոց պատմությունը բարդագույն առարկա է։ Դրան մոտենալու համար լրջագույն պատրաստվածություն եւ առնվազն հինգ-վեց լեզուների իմացություն է պահանջվում։ Լեոյից մեջբերումներով, սրամտություններով եւ լրագրողական ընդհանրացումներով սայլը երբեք տեղից չի կարող շարժվել։
20-րդ դարի 70-ականներին բյուզանդագիտության մեջ աստիճանաբար սկսեց տիրապետող դառնալ այն մոտեցումը, որ առանց արեւելյան աղբյուրների ներառման բյուզանդագիտությունը կամ դրա առանձին ենթաբաժինների հետազոտությունը կարող է դառնալ անհեռանկար։
Բարդագույն այդ աշխատանքի նախակարապետներից էր բրիտանացի բյուզանդագետ Էնթոնի Բրայերը, որը Բիրմինգհեմում բյուզանդական, օսմանյան եւ հունական հետազոտությունների ամբիոն ստեղծեց։ Գիտական հռչակավոր այդ կենտրոնը մինչ օրս շարունակում է իր բեղուն գործունեությունը՝ միջդիսցիպլինար իր գործիքակազմով նշանակալի ազդեցություն թողնելով հումանիտար գիտությունների զարգացման վրա։
Վերադառնալով մեր գառներին՝ նշենք, որ հայերը հարյուրամյակներ շարունակ ապրել են սելջուկների, մոնղոլների, թուրքմենական ցեղերի եւ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո։ Բացի այդ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը 1000 տարի հարաբերվել են բյուզանդական աշխարհի հետ։ Հունական եւ թյուրքական ազդեցությունները չափազանց մեծ հետք են թողել մեր մշակութային միջավայրի վրա։ Արդյո՞ք այդ ազդեցություններն ու շփումները ըստ պատշաճի հետազոտվում են։
Կարծում եմ, եթե քաղաքական իշխանությունն ու պատմաբանները իսկապես հետաքրքված լինեին հայոց պատմությամբ, ապա հայագիտության եւ թյուրքագիտության, ինչպես նաեւ հայագիտության եւ բյուզանդագիտության կենտրոններ Հայաստանում էլ կստեղծվեին։
Ակնհայտ իրողություն է, որ հայոց պատմությունը հնարավոր չէ մեկնաբանել միայն հայոց պատմությամբ։ Իրականում մենք շատ քիչ բան գիտենք 15-18-րդ դարերի մեր պատմության մասին, փոխարենը առաջնային պլան են մղված արդեն իսկ չարչրկված միֆերն ու կարծրացած ընդհանրացումները հայերի ու թուրքերի մասին։
Դրանց հաղթահարման համար անհրաժեշտ են միջդիսցիպլինար գործիքներ, որոնց ներգործությամբ կկարողանանք հաղթահարել քարացած մարգինալությունն ու մարտնչող գավառականությունը։ Ես այսպես եմ տեսնում հայագիտության առաջընթացը, հատկապես որ Հայաստանում կան դրա համար նախատեսված բոլոր նպաստավոր պայմանները։
Բայց ինչպես երեւում է, նորից շարժվում ենք հակառակ ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելով բանվորագյուղացիական, ազգային-ազատագրական եւ ռազմահայրենասիրական պարզունակ կրքերը։ Հայոցը հակադրում ենք Հայաստանին, իռացիոնալ հայրենասիրությունը փոխարինում ենք գավառական պետականամետությամբ, նորից հայհոյում ենք ռուսին, թուրքին ու մեր մարտնչող չիմացությամբ այդ ամենը վերագրում նաեւ անցյալի մարդկանց։
Անցյալի այն մարդկանց, որոնց մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք։ Ո՞վ է եղել 16-րդ դարի օսմանյան հայ քաղաքացին, եւ ինչո՞վ էր նա տարբերվում 15-րդ դարի բյուզանդացի հայից։ Պետականություն արժեւորող եւ պետականամետություն քարոզող Մարիա Կարապետյանը կարո՞ղ է այս հարցին պատասխանել հատկապես իր պատկերացրած Հայաստանի պատմության համատեքստում։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։