2013-ի հունվարի 30-ին ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ բոլորին են ճանաչում մարզային ընտրողները: «Սերժին ենք ճանաչում, Րաֆֆի Հովհաննիսյանին, Բագրատյանին, մեկ էլ «Բարգավաճն» էլ պտի Օսկանյանին դներ, էն էլ ոտերի տակ սապոն դրեցին, գցեցին: Սկի մեր դեպուտատին չենք ճանաչում, չգիտենք, թե ինչ գույնի ա` սե՞ւ ա, թե՞ սպիտակ: Ընտրել ենք, բայց չգիտենք ով ա, չենք տեսել»,- ասում են արմավիրցիները:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը ՀՀ տարածքի շուրջ 100 կենտրոններում կազմակերպում է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Ուսուցիչներին ամենուր դիմավորում են աղ ու հացով: Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանական ինստիտուտի դասախոս Վլադիմիր Բորիսենկոն ցնցված է. «Մարդկանց աչքերում կրակ կա ռուսաց լեզվի նկատմամբ»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային հայ լրագրողը խնդրում է մեկնաբանել Գյումրու Ավետիսյանների ընտանիքի կոտորածը, որի համար մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պերմյակովը: «Դա է կյանքը»,- ասում է պարոն Բորդյուժան:
ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին իր առաքելությունն ավարտելու օրը հիշում է՝ ինչ է ասել իրեն նախագահ Սերժ Սարգսյանը. «Նա ինձ ասաց՝ եթե Դու թակեք, Ձեր առջեւ կբացվեն բոլոր դռները, իսկ եթե չբացվեն, պետք չէ որեւէ մեկին ասել, ասե՛ք ինձ, եւ ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Դուք այդ դռների հետեւում չեք մնա»:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ իմացել, որ ինքը «Ծառուկյան դաշինքով» մասնակցում է խորհրդարանի ընտրություններին: «Աստված կամեցավ»,- կարճ ու կոնկրետ ասում է Ղուկասյանը:
«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն ընդունում է, որ թանկացումների դեմ պայքարում իրենց չի հաջողվում ժողովրդին հանել փողոց. «Ճիշտ են ասում, եթե մենք չենք կարողանում հարկային օրենսգրքի փոփոխության դեմ պայքարել, ինչպե՞ս ենք իշխանափոխության հասնելու»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հիասթափեցնի ՀՀԿ-ին, որն ավելի վաղ ասել է, թե Փաշինյանը համանախագահների հետ քննարկում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը: «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը։ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում որեւէ կառավարություն չի վարել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունում է, որ քաղաքապետ-ժողովուրդ շփումներում անկեղծության պակաս կա. «Ոչ ոք իմ դեմքին չի ասում՝ դու վատն ես, թեկուզ չուզելով ասում են՝ լավն ես»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ հակամարտությունից առաջ Շուշին ադրբեջանական քաղաք էր. «Շուշիի բնակչության 96 տոկոսը եղել են ադրբեջանցիներ»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից մեկ շաբաթ հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ստեփանակերտցիների հետ հանդիպմանը ներկայացնում է, թե ինչպես դիմանալ մոտ երկու ամիս տեւող ադրբեջանական շրջափակմանը. «Մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ»:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: