ՆԱՏՕ-ն պնդում է, որ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիմնարար սկզբունքի նկատմամբ հարգանքը պետք է դրվի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում։
Դրա մասին Բրյուսելում «Արմենպրեսի» թղթակցին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Նա հավելել է, որ ներկա փուլում այդ ուղղությամբ կողմերի միջեւ մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքները չպետք է փոխվեն։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին` ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք մեր գործընկերների միջեւ կողմ չենք բռնում, քանի դեռ տեղի չի ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների եւ հիմնական տարրերի խախտում, որոնց մենք շատ կապված ենք։ Այսպիսով՝ ուղերձը շատ պարզ է. մենք կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն։ Գիտենք, որ կան բանակցային տարբեր ձեւաչափեր՝ երկկողմ, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի»,– ասել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը։
Կոլոմինան հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարեւորը վերջնական արդյունքն է՝ կա՞ արդյոք կայուն խաղաղություն, քանի որ դա շատ կարեւոր կլինի Հարավային Կովկասում կայունություն հաստատելու համար։