Թեհրանը միջնորդների միջոցով նախազգուշացրել է Բայդենի վարչակազմին՝ հրաժարվելու Իրանի տարածքին հարվածներ հասցնելու մտքից:
Հակառակ դեպքում, գրում է Daily Mail-ը, Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ-ի թիրախներին ամբողջ Մերձավոր Արեւելքում, ինչը կարող է լայնամասշտաբ պատերազմ հրահրել երկու երկրների միջեւ:
Կիրակի օրը Հորդանանում անօդաչու թռչող սարքով ամերիկյան բազայի վրա հարձակմանն ու դրա հետեւանքով երեք ամերիկացի զինծառայողի սպանությանը Բայդենի վարչակազմը կապել է Իրանի աջակցություն վայելող աշխարհազորային խմբավորումների հետ:
Politico-ն նշել է, որ ԱՄՆ-ը Իրանին պատասխան հարված հասցնելու տարբերակներ է մշակում՝ կանխելու համար իրանամետ ուժերի նոր հարձակումներն ամերիկյան բազաների վրա: Սպիտակ տունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կպատասխանի հարվածներին, բայց չի գործի հապճեպ։ Միեւնույն ժամանակ պատասխան հարվածը պետք է լինի այնպիսին, որ այն չհանգեցնի Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման եւ լայնամասշտաբ պատերազմի: