Մեր երկրում թմրամիջոցներ գործածող դեռահասների թիվը տարեցտարի ավելանում է։ Թմրանյութեր օգտագործող անչափահասներին հատուկ է մեկուսացումը, նրանք դառնում են բռնկուն, հաճախակի են ստում։ Բիբերը լայնանում են, աչքերը՝ կարմրում, նկատվում է ախորժակի անկում։ Այս ազդակների դեպքում դեռահասների ծնողները պետք է կտրուկ համապատասխան քայլեր ձեռնարկեն։
Այս կամ այն թմրամիջոցի առավել վտանգավորությունը պայմանավորված է դրա՝ կախվածություն առաջացնելու չափով: Այդ առումով առավել վտանգավոր են հոգեխթանիչները եւ ափիոնատիպ նյութերը, որոնց նույնիսկ մեկանգամյա գործածումից ձեւավորվում է կախվածության համախտանիշ: Այս խմբերի թմրամիջոցների օգտագործման դեպքում հնարավոր է նաեւ գերդոզավորում՝ հավանական մահվան ելքով։ Արյան միջոցով տարածվող հիվանդությունների (վիրուսային հեպատիտներ B, C, նաեւ ՄԻԱՎ) առումով առավել վտանգավոր են ներարկումային եղանակով գործածվող թմրամիջոցները:
Դեռահասների շրջանում թմրամիջոցների շրջանառության իրական ծավալները պարզելու նպատակով Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը դպրոցներում նոր հետազոտություն կիրականացնի։ Երեւանում եւ մարզերի որոշ դպրոցներում 40 րոպե տեւող անանուն հարցում է անցկացվելու։ Ընտրվելու են այն դպրոցները, որտեղ սովորող դեռահասներն ավելի շատ են։
«Էսպադ» (ESPAD — European School Survey Project on Alcohol and Other Drugs) կոչվող այս հետազոտությունն առաջիկայում կանցկացվի 16 տարեկան 2 հազար դպրոցականի շրջանում։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը մանրամասնում է՝ լինելու են հարցեր թմրամիջոցների, ալկոհոլի, մարդու վարքային առանձնահատկությունների մասին։ Հետազոտությունը եվրոպական մի շարք երկրներում կիրառվում է դեռ 1990-ականներից, Հայաստանում առաջին անգամ կատարվել է 2007 թվականին։
«Էսպադ»-ն անցկացվելու է թմրամիջոցների եւ կախվածությունների եվրոպական կենտրոնի, հասարակական կազմակերպությունների, առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարությունների համագործակցությամբ։ Հետազոտություններից հետո կհրապարակվի զեկույց, որի շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե դեռահասների շրջանում որքանով են տարածված թմրամիջոցները, ալկոհոլը կամ հոգեներգործուն այլ նյութերը։ Դրանից հետո այդ նյութերի դեմ պայքարի նոր միջոցներ ու մեթոդներ կմշակվեն ու կկիրառվեն։
«2007-ից մինչեւ այսօր իրավիճակը շատ է փոխվել։ 2007-ին համացանցն այսպես հասանելի չի եղել, չեն եղել հեռախոսային հավելվածներ, որոնց միջոցով թմրամիջոցների առք ու վաճառք է կատարվում, ինչի պատճառով թմրամիջոցներ գնելն ավելի հասանելի է դառում»,- ասում է Սուրեն Նազինյանը։
Մասնագետի համոզմամբ՝ հարկ է հանրակրթական դպրոցներում ավելի հանգամանալից, մանրամասնորեն ուսումնասիրել թմրանյութերի կործանարար ազդեցությունը, որպեսզզի դպրոցականները հնարավորինս զերծ լինեն թմրանյութերից։
«Թմրանյութերի ապօրինի օգտագործման եւ թմրաշրջանառության կանխարգելման մեթոդները պետք է վերանայել։ Դեռահասների շրջանում թմրանյութերի վնասակարության վերաբերյալ կրթական նոր մոտեցումներ պետք է ներդրվեն՝ միջազգային ստանդարտների համաձայն»,- կարծում է Նազինյանը։
Այս օրերին առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ դպրոցների բարձր դասարաններում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում եւ բուհերում սովորողների շրջանում թմրամիջոցների գործածումից առաջացող վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ են անցկացվում։ Նախարարությունն այս ծրագիրն իրականացնում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի եւ ՀԿ-ների համագործակցությամբ։ Արդեն 50 կրթական հաստատությունում 15 եւ ավելի մասնագետ է ներգրավվել իրազեկման միջոցառումներին՝ հիշեցնելով, որ նույնիսկ մեկ անգամ թմրանյութ օգտագործելը կարող է կախվածություն առաջացնել, որը կործանարար է։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փախնախարար Արաքսիա Սվաջյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է՝ դպրոցներում 5-11-րդ դասարաններում դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» առարկան։ Դրանում ընդգրկված են նյութեր առողջ ապրելակերպի` ներառյալ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման ու չարաշահման վտանգավորության, թմրամիջոցների օգտագործման վնասների մասին:
«ՆԳՆ ոստիկանությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների, ուսուցիչների եւ ծնողների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության դեմ պայքարի թեմաներով զեկույցներ եւ սեմինարներ է անցկացնում։ Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում եւս ոստիկանության ներկայացուցիչները սեմինարներ են անցկացնում վերոնշյալ թեմաների վերաբերյալ»,- մանրամասնում է Արաքսիա Սվաջյանը։
Առաջիկայում եւս մշակվելու են նոր կրթական ծրագրեր թմրանյութերի վտանգավորության, դրանց գործածման հետեւանքով առաջացող հիվանդությունների վերաբերյալ։ Ծրագրերը մշակելիս հաշվի է առնվում միջազգային փորձը։
Վիճակագրություն
Հայաստանի Հանրապետությունում տարեցտարի աճում է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը: Մասնավորապես, ըստ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝
2018 թվականին գրանցվել է 877 դեպք
2019 թվականին՝ 1088
2020 թվականին՝ 1226
2021 թվականին՝ 1544
2022 թվականին՝ 2266
2023 թվականին՝ 5070։
2018 թվականից մինչեւ 2022 թվականը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցանքների թվի մոտ 158%, իսկ 2022 թվականից մինչեւ 2023 թվականի ավարտը՝ 123,7% աճ։
Ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալների՝ 2023 թվականին եւս աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների դեպքերը (2022 թվականին՝ 2266, 2023 թվականին՝ 5070 կամ 123.7% աճ)։ Ընդ որում՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 2023 թվականին աճել են 1771-ով կամ 171.8%-ով՝ կազմելով 2802՝ նախորդ տարվա 1031-ի համեմատ։
Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության մասին 2023 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ այս աճը պայմանավորած է նաեւ քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ եւ իրավակիրառ պրակտիկայում նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքերում դրանք իրացնելու փաստով քրեական վարույթներ նախաձեռնելու պրակտիկայի առկայությամբ։
Այս աճը կարող է պայմանավորված լինել նաեւ իրավապահ մարմինների կարողությունների լավարկմամբ, կիրառվող պայքարի նոր միջոցների արդյունավոտությամբ, որի հետեւանքով նախկինում լատենտային բնույթ ունեցող դեպքերի մի մասը հնարավոր է եղել բացահայտել։ Անշուշտ, աճի այս միտունը կարող է պայմանավորած լինել նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ընդհանուր աճով։
Գրանցվել է նաեւ թմրամիջոցների հետ կապված վարչական իրավախախտումների դեպքերի որոշակի աճ։ 2021 թվականին արձանագրվել է նման 298, 2022 թվականին՝ 363, 2023 թվականին՝ 387 դեպք: Ըստ այդմ՝ 2021 թվականից մինչեւ 2023 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում աճը կազմել է 89 դեպք կամ 29.8 տոկոս:
Թմրամիջոցները հիմնականում Հայաստան են ներմուծվում Իրանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Իսպանիայից։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է 7772 անձ։ Նրանից 7-ը 16-17 տարեկան է, 13-ը՝ 18 տարեկան, 180-ը՝ կին։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կենտրոնում հաշվառված էր 175 կին։
Թմրաշրջանառության մեղադրանքով 2022-ին քրեական պատասանատվության է ենթարկվել 760 անձ (նրանցից 33-ը կին, 6-ն՝ անչափահաս), 2023-ին՝ 1244 (նրանցից 46-ը կին, 10-ն անչափահաս)։ Պետք է շեշտել, որ կենտրոնում գրանցվածների թիվը, բնականաբար, ամբողջապես չի արտացոլում վիճակագրությունը։
Անդրադառնալով միջազգային վիճակագրական տվյալներին՝ հարկ է արձանագրել՝ ըստ ՄԱԿ-ի 2023 թվականի հունիսին հրապարակած տվյալների՝ թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թիվը շարունակում է աճել։ Աշխարհում 2023 թվականի տվյալներով՝ 13,2 մլն անձ թմրանյութ է օգտագործում ներերակային ճանապարհով։ Թմրամիջոցների օգտագործման հետեւանքով առողջական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը հասել է 39,5 միլիոնի (45 տոկոսով ավելի, քան 10 տարի առաջ)։
ՄԱԿ-ի 2023 թվականին հրապարակված «Թմրանյութերի վերաբերյալ համաշխարհային զեկույցի» համաձայն՝ 2021 թվականին աշխարհի յուրաքանչյուր 17-րդ բնակիչը թմրանյութ է օգտագործել, իսկ այս ցուցանիշը 23 տոկոսով ավելի է նախորդ տասը տարվա համեմատ։ Ըստ այս զեկույցի՝ թմրանյութ օգտագործողների թիվը 2011 թվականին եղել է 240 միլիոն, իսկ տասը տարի անց՝ 2021 թվականին 296 միլիոն մարդ ։
Աճը կազմել է 23 տոկոս, որը մասամբ պայմանավորված է բնակչության աճով։
Ո՞ր թմրամիջոցներն են առավել տարածված Հայաստանում, թմրանյութերից կախվածության բուժման ի՞նչ մեթոդներ կան
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը վստահեցնում է՝ կենտրոնում կիրառվող բուժման մեթոդներն ունեն ապացուցողական հենք եւ արդյունավետ են։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոն հիմնականում դիմում են հոգեխթանիչներից (մետամֆետամին, ամֆետամին), կաննաբինոիդներից (մարիխուանա, հաշիշ), ափիոնատիպ նյութերից (ափիոն, հերոին, բուպրենորֆին) կախվածություն ունեցողները։
Հոգեխթանիչները սինթետիկ թմրամիջոցներ են, կաննաբինոիդները՝ բնական, իսկ ափիոնի խմբի թմրամիջոցները լինում են թե՛ բնական, թե՛ սինթետիկ, թե՛ կիսասինթետիկ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ափիոնատիպ նյութերից (օրինակ՝ մորֆին, հերոին, ֆենտանիլ, տրամադոլ, մեթադոն) կախվածության դեպքում իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժում, այլ կախվածությունների դեպքում՝ արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային պայմաններում ապաթունավորում (դետոքսիֆիկացիոն բուժում)՝ սոցիալ-հոգեբանական աջակցությամբ:
«Թմրամիջոցներից կախվածության բուժման արդյունքում բուժառուն ոչ թե առողջանում է, այլ ունենում է ախտադադար (ռեմիսիա)։ Դա այն ժամանակահատվածն է, երբ բուժառուն թմրամիջոց չի գործածում: Ախտադադարի տեւողությունը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով՝ պացիենտի մոտիվացիա, պահպանողական բուժում, սոցիալ-հոգեբանական ռեաբիլիտացիա եւ այլն»,- մանրամասնում է Սուրեն Նազինյանը։
Կախվածությունների կենտրոնում բուժումը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ կարող է իրականացվել ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում՝ կախված ախտաբանությունից։ Գրանցվածների մեծ մասը կախվածություն ունի մարիխուանայից եւ ափիոնատիպ թմրանյութերից։ Անչափահասների շրջանում եւս կան մարիխուանա գործածողներ։ Նազինյանը հիշեցնում է՝ կան մարդիկ, որոնք կարծում են՝ մարիխուանան բնական է, խոտ է, վտանգավոր չէ, սակայն նրանք չարաչար սխալվում են։ Մարիխուանան անվնաս չէ, ավելին՝ վտանգները շատ են։ Թմրանյութի՝ բույսից ստացված լինելն ամենեւին չի վկայում դրանից բխող վտանգների քիչ լինելու կամ դրանց բացակայության մասին։ Կակաչը եւս բույս է, բայց դրանից ստանում են հերոին կամ մորֆին։
Մարիխուանայի մեջ կա հոգեներգործուն եւ կախվածություն առաջացնող նյութ՝ տետրահիդրոկանաբինոլ, որը հոգեակտիվ միացություն է։ ՄԱԿ-ի 1961 թվականին ընդունած կոնվենցիայի համաձայն՝ այն համարվում է թմրամիջոց, որն ունի կախվածություն առաջացնելու ներուժ։ Մարիխուանան, ինչպես մորֆինը կամ մնացած թմրամիջոցները, ներառված է թմրանյութերի այնպիսի ցանկերում, որոնց նկատմամբ իրականացվում է միջազգային վերահսկողություն։
ՆԳՆ ոստիկանության պայքարը՝ թմրաշրջանառության դեմ
2023 եւ 2024 թվականները Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել են որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ։ Առաջիկայում նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության եւ ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որն կապահովի այս ոլորտում իրավասու պետական մարմինների միջեւ մշտական սերտ հաղորդակցությունը։
Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ առցանց միջավայրում ակտիվանում է թմրաշրջանառությունը․ սոցիալական ցանցերում թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է կազմակերպվում։ Կրիպտոարժույթը նույնպես ակտիվորեն օգտագործվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, իսկ դա խոչընդոտ է իրավապահ մարմինների աշխատանքի համար։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու եւ քննելու համար ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, բնականաբար, կարեւոր է: Քրեական ոստիկանությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինը։ Այս ջանքերի շնորհիվ 2023 թվականին կտրուկ աճել են համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերը:
2024 թվականի հունվարի 15-ին ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն են մշակում, որում ընդգրկված կլինեն նաեւ դպրոցները եւ բուհական համակարգը։ Նա նշել է, որ ոստիկանները կրթօջախներից մեկում 13 կգ թմրանյութ են հայտնաբերել՝ 5 կգ կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ։
Նախարարը հայտնեց՝ 2024-ին կվերազինվի տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգը։ Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում տեսախցիկներ կտեղադրվեն դպրոցներում եւ մերձակա տարածքներում:
«Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաեւ աշակերտներին»,- ընդգծել է ներքին գործերի նախարարը։
Դպրոցահասակ երեխաներ ունեցող Լուսինե Գեւորգյանը գոհ է, որ դեռահասների շրջանում թմրաշրջանառության դեպքերը նվազեցնելու նպատակով նման ծրագրեր են իրականացվում։ Լուսինեն ու ամուսինը երբեմն իրենց երկու զավակների հետ զրուցում են թմրանյութերի վնասակար ազդեցության մասին՝ ջանալով նրանց հեռու պահել այդ վատ երեւույթներից, բայց նրանք կարծում են՝ կրթական հաստատություններում էլ պարբերաբար պետք է խոսեն այս մասին, ծրագրեր ու դասախոսություններ անցկացնեն։
«Սարսափելի երեւույթներ են թմրանյութերից կախվածությունն ու խաղամոլությունը։ Որքան էլ տանը խոսենք այդ մասին, իհարկե, մասնագետների անցկացրած զրույցներն ու դասախոսություններն ավելի ազդու եւ արդյունավետ կլինեն։ Դեռահասները պիտի տեղեկացված լինեն, որ հնարավորինս զերծ մնան այդ չարիքից»,- ասում է Լուսինե Գեւորգյանը։

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։