Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին հավակնող երեք թեկնածուներ՝ «Ռուսաստանյան համաժողովրդական միություն» կուսակցության ղեկավար Սերգեյ Բաբուրինը, «Դեմոկրատական կուսակցությունից» առաջադրված Իրինա Սվիրիդովան և «Ռուսական ազատություն և արդարություն» կուսակցությունից առաջադրված Անդրեյ Բոգդանովը, հայտարարել են ընտրապայքարից դուրս գալու մասին։

Իրինա Սվիրիդովա

Անդրեյ Բոգդանով

Սերգեյ Բաբուրին
Ռուսական TACC-ի փոխանցմամբ՝ Բաբուրինը իր հեռանալու մասին հայտարարել էր հունվարի 30-ին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր աջակցության համար հավաքված 102․670 ընտրողի ստորագրությունները ներկայացնելուց անմիջապես հետո։
«Համաձայն «Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների մասին» Դաշնային օրենքի 44-րդ հոդվածի՝ ես հանում եմ իմ թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի ընտրություններից»,- հայտարարել էր Բաբուրինը՝ չհաստակեցնելով թե ինչու էին կուսակցության ակտիվիստներն ու կամավորները հավաքել իր գրանցման համար անհրաժեշտ ստորագրությունները։
Նա կոչ է արել ռուսներին միավորվել ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի թեկնածության շուրջ։ «Հայրենիքի համար դժվարին պահին ժողովրդի ուժը մասնատելու ժամանակը չէ։ Ռուսաստանի բոլոր ազգային հայրենասիրական կազմակերպությունները, Ռուսաստանի բոլոր ազգային ուղղվածություն ունեցող քաղաքացիները պետք է համախմբվեն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի թեկնածության շուրջ»,- ասել Բաբուրինը։
«Դեմոկրատական կուսակցության» նախագահ Ալեքսանդր Զորինը նույն օրը հայտնել էր, որ իրենց առաջադրած թեկնածու Իրինա Սվիրիդովայի թեկնածության հեռացումը կապված է անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելու անկարողության հետ։ Միաժամանակ նա հավելել է, որ նախագահական ընտրություններում կուսակցությունը կաջակցի գրանցված թեկնածու՝ Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ռուսական ազատություն և արդարություն» կուսակցության թեկնածու Անդրեյ Բոգդանովի՝ ընտրապայքարից դուրս գալու մասին էլ այսօր՝ հունվարի 31-ին, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը։
«Անդրեյ Վլադիմիրովիչ Բոգդանովից փաստաթղթեր ենք ընդունել, նա հայտարարություն է գրել նախագահի թեկնածուի, այսպես ասած, լիազորությունների հրաժարականի և նախագահական քարոզարշավից դուրս գալու մասին»,- ասել է Բուլաևը։
ՌԴ նախագահի ընտրություններում գրանցվելու համար արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները պետք է հավաքեն ընտրողների առնվազն 100 հազար և ոչ ավելի, քան 105 հազար ստորագրություն։ Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր սուբյեկտում այդ թիվը պետք է հասնի շուրջ 2,5 հազար ստորագրության:
Մինչ օրս Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի չորս թեկնածուի․ Լեոնիդ Սլուցկուն՝ առաջադրված «Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության» կողմից, Նիկոլայ Խարիտոնովին՝ առաջադրված «Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության» կողմից, Վլադիսլավ Դավանկովին՝ առաջադրված «Նոր մարդիկ» կուսակցության կողմից, և ինքնառաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նիկոլայ Խարիտոնով

Լեոնիդ Սլուցկի

Վլադիսլավ Դվանկով
Ինչպես հաղորդում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հունվարի 31-ին ստորագրություններ կներկայացնեն ևս երկու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ․ «ՌԴ Ազատության և արդարության կուսակցության» կողմից և Ուկրաինայում ընթացող պատերազմի դադարեցման օգտին հանդես եկող Բորիս Նադեժդինը՝ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից:
Սպասվում է նաև, որ այսօր ստորագրությունները կներկայացնեն ինքնառաջադրված թեկնածու բլոգերներ Ռադա Ռուսսկին և Անատոլի Բատաշևը։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն ընթացիկ տարվա մարտի 15-17-ը։