Ռուս ընդդիմադիր գործիչ և արտախորհրդարանական «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Բորիս Նադեժդինը այսօր ընտրողների 105 հազար ստորագրություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու գրանցվելու համար։
Ռուսաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ Նադեժդինին իր թեկնածությունը գրանցելու համար անհրաժեշտ էր հավաքել ընտրողների 100 հազարից ոչ պակաս և 105 հազարից ոչ ավելի ստորագրություն։ Ընդ որում, Ռուսաստանի վարչատարածքային միավորներում՝ սյուբյեկտներում, ստորագրությունների թիվը չպետք է լինի 2,5 հազարից պակաս։
«Ահա ՌԴ քաղաքացիների 105 հազար ստորագրություն պարունակող արկղերը, շեշտում եմ, հավաքված են Ռուսաստանի Դաշնության տարածքում, քանի որ մեզ համար ստորագրել են նաև տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանից դուրս, ովքեր ՌԴ քաղաքացիներ են»,- լրագրողներին ասել էր ռուս ընդդիմադիր գործիչը։
Բորիս Նադեժդինը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին հավակնող միակ գործիչն է, որ հրապարակային դեմ է արտահայտվել Ուկրաինայում ընթացող պատերազմին։
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա մի քանի օրերի ընթացքում կստուգի Նադեժդինի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։
Մինչ օրս ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է նախագահի չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկի («Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցություն»), Նիկոլայ Խարիտոնով («Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցություն»), Վլադիսլավ Դավանկով («Նոր մարդիկ» կուսակցություն), և ինքնառաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտին։