Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ կարող են գնալ հերթական առճակատման՝ ընթացիկ շաբաթվա վերջին Բրյուսելում սպասվող Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը նվիրված համաժողովի ընթացքում: Այս մասին գրում է Politico պարբերականը՝ ընդգծելով, որ այն ԵՄ-ի և Հունգարիայի միջև տեղ գտած երկարատև հակասությունների շղթայի միայն վերջին մասն է։
Ըստ պարբերականի Բուդապեշտի և դաշինքի մնացած երկրների միջև տարաձայնությունների մեծ մասը բխում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վարչապետ Օրբանի ունեցած մերձությունից։
Հունգարիայի վարչապետը անգամ առհամարելով Ուկրաինայում ընթացող հակամարտության վերաբերյալ ԵՄ ունեցած կոնսեսուսը, 2021 թվականի հոկտեմբերին ուղեւորվել էր Չինաստան և մայրաքաղաք Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համաժողովի շրջանակներում հանդիպում ունեցել Պուտինի հետ։ Քայլ, որից, ըստ Politico-ի ապարդյուն փորձել էին Օրբանին հետ պահել եվրոպացի դիվանագետները։
Ավելի, հանդիպման ժամանակ Օրբանն ասել էր Պուտինին․ «Հունգարիան երբեք չի ձգտել դիմակայել Ռուսաստանին։ Ավելի շուտ հակառակն է՝ Հունգարիան միշտ հետապնդել է լավագույն հաղորդակցությունը կառուցելու և ընդլայնելու նպատակը»։
Politico-ն ընդգծում է, որ հանդիպման ավարտին տեսախցիկների առջև Օրբանի և Պուտինի ձեռքսեղմումը՝ ԵՄ-ում ընկալվել էր որպես Ռուսաստանի հետ բարեկամության հրապարակային մի դրսևորում, որն իր ձևով խաթարում էր Ուկրաինայի աջակցությանը ուղղված դաշինքի միասնական դիրքորոշումը:
Բրյուսելի և Բուդապեշտի առճակատման մեկ այլ հարթակ է ԵՄ ընդհանուր պատժամիջոցների հարցը։ Սա գլխավորապես կապված է Հունգարիայի և Ռուսաստանի միջև առկա խորը տնտեսական կապերից։
Պարբերականի փոխանցմամբ այս հանագամանքը հաճախ է դառնում ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթների սահմանման երկարաձգման պատճառ, քանի որ Հունգարիան հաճախ է հանդես գալիս առարկություններով։
Ավելին, Հունգարիան դեմ է հանդես գալիս նաև Ռուսաստանի միջուկային ոլորտին հարվածող պատժամիջոցների սահմանմանը։ Օրինակ, հունգարական կողմի ջանքերով դեկտեմբերին հայտարարված ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթից դուրս էր մնացել միջուկային էներգիայի ոլորտը։ Օրբանի բացատրություններով՝ Բուդապեշտը մշտապես վետո է դնելու այդ ոլորտի վրա, քանի որ իր երկիրը կախված է ռուսական միջուկային վառելիքից։
ԵՄ-ի հետ հակասությունների մյուս կետը Բուդապեշտի կողմից Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու հայտի վավերականացման ձգձգելն է։
Օրբանը պաշտոնապես կողմ է հանդես եկել Շվեդիայի անդամակցությանը, որը դեռ պետք է հաստատի Հունգարիայի խորհրդարանը։
Ըստ Politico-ի կան ենթադրություններ, որ Խորհրդարանում նման քվերակությունը կրելու է ձևական բնույթ, քանի որ իշխող «Ֆիդես» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն է և դժվար թե դրա անցկացման դեպքում խոչընդոտներ լինեն։ Սակայն, Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը, ով Օրբանի դաշնակիցն է համարվում, չի շտապում քվեարկությունը մտցնել օրակարգ: Նա նաև ակնարկել է, որ Շվեդիայի հարցով չի շտապում արտահերթ խորհրդարանական նստաշրջան գումարել մինչ գարնանային նստաշրջանի սկիզբը, որը պետք է տեղի ունենա մինչև փետրվարի 26-ը:
Զուգահեռաբար, Օրբանը հանդիպում է խնդրել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար, որը ներառելու է […] անվտանգության և պաշտպանության ոլորտում ապագա համագործակցություն` որպես դաշնակիցներ և գործընկերներ»:
Սպասվում է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին։
Պարբերականը նշում է, որ Բուդապեշտը խոչընդոտներ է հարուցում նաև իսրայելցի ծայրահեղական վերաբնակիչների դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանման հարցում, որը Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը առաջարկել էր Հորդանան գետի արևմտյան ափում արաբ բնակչության նկատամամբ աճող բռնությունների ֆոնին։
Սակայն, ԵՄ-ի ներսում հրեա վերբնակիչների դեմ պատժամիջոցների շուրջ միսանականություն չկա։ Բացի Հունգարիայից կառույցի անդամ երկրներից Իսրայելի ամենամտերիմ դաշնակիցներից են համարվում Ավստրիան և Չեխիան։
Հունգարիան դարձել է նաև ԵՄ նոր կանոնակարգի ամենակատաղի հակառակորդներից մեկը, որը նպատակ ունի պաշտպանել ԶԼՄ-ների ազատությունները:
Հունգարիան, որտեղ Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը վերահսկում է երկրի լրատվամիջոցների շուրջ 80 տոկոսը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, առաջիկա կանոնակարգի հիմնական թիրախներից է, որի նպատակն է ապահովել լրատվամիջոցների անկախությունը քաղաքական ճնշումներից:
Հունգարիայում օրենքի գերակայության շուրջ հարցերը 2010 թվականից իշխանության ղեկին գտնվող Օրբանին մեկ այլ երկարատև վեճի մեջ են ներքաշել Բրյուսելի հետ:
2022 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը սառեցրել էր Հունգարիայի համար նախատեսված այսպես կոչված «ԵՄ համախմբման» շուրջ 22 միլիարդ եվրոյի միջոցները: Դրանցից 10,2 միլիարդ եվրոն 2023 թվականի դեկտեմբերին այնուամենայնիվ տրվեց Բուդապեշտին, երբ ԵՄ գործադիրը գնահատեց, որ Հունգարիան իրականացրել է անհրաժեշտ դատական բարեփոխումների մի քանիսը, որոնք նախապայման էին դրվել ֆինանսական սահմանափակումները վերացնելու հարցում:
Politico-ն նշում է, որ մոտ 11,7 միլիարդ եվրոն մնում է սառեցված՝ երկրում ժողովրդավարության հետընթացի և օրենքի գերակայության վերաբերյալ Բրյուսելի մտահոգությունների պատճառով:
Լեհաստանի և Սլովակիայի հետ միասին Հունգարիան 2023 թվականի սեպտեմբերին բոյկոտեց Եվրոհանձնաժողովի որոշումը՝ կապված պատերազմի հետևանքով ավերված տնտեսություն ունեցող Ուկրաինային ցամաքային ճանապարհով հացահատիկի արտահանման հարցում աջակցելու հետ։
Ուկրաինային սահմանակից երեք երկրները իրենց բոյկոտը բացատրում էին նրանով, որ ԵՄ-ի որոշումը սպառնում էր իրենց ֆերմերների ապրուստին, որոնք բախվել էին ուկրաինական ավելի էժան ապրանքների հոսքի հետ:
«Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքները, որոնք նախատեսված են Աֆրիկայի համար, հեղեղում են Կենտրոնական Եվրոպայի շուկաները։ Բրյուսելի բյուրոկրատները ևս մեկ անգամ աչք են փակում եվրոպացի ֆերմերների խնդիրների վրա, ուստի Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան երկարացնում են [ուկրաինական] ներմուծման արգելքը ազգային հիմունքներով։», — այն ժամանակ գրել էր Օրբանն X համացանցի իր էջում:
ԵՄ-ի հետ Հունգարիայի հակասությունների ամենաթեժ հարթակը շարունակում է մնալ Ուկրաինայի տրմադրվող ռազմական և ֆինանսական օգնության հարցը։
Politico-ի փոխանցմամբ երկար ժամանկ է, ինչ Հունգարիան ձգձգում է շուրջ 500 միլիոն եվրո արժողությամբ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման հինգերորդ փաթեթը։
Սակայն անցած շաբաթ Հունգարիան մեղմել էր իր դիրքորոշումը և կողմ էր արտահայտվել զենքի մատակարարման համար Ուկրաինային աջակցության հիմնադրամի (UAF) ստեղծմանը, որը հանդիսանալու է Եվրոպական խաղաղության հաստատության (European Peace Facility) հատուկ գործիքը:
2023-ի դեկտեմբերին ԵՄ վերջին գագաթնաժողովի ընթացքում Օրբանը վետո էր դրել առաջիկա չորս տարիների ընթացքում Ուկրաինայի ֆինանսական աջակցության համար նախատեսված 50 միլիարդ եվրո արժողությամբ օգնության փաթեթի վրա։ Փաթեթի տրամադրման համար անհրաժեշտ էր ԵՄ առաջնորդների միաձայն աջակցություն, և Օրբանը միակն էր, ով դեմ էր դրան:
Politico-ն նշում է, որ Հունգարիայի նման դիրքորոշումը ԵՄ-ից իր համար շահավետ դիրոքորշումների կորզման հնարավորություն է տալիս, որին և սկսել է գնալ Բուդապեշտը։
Պարբերականի փոխանցմամբ այս շաբաթվա վերջին սպասվող ԵՄ գագաթնաժողովի մեկնարկին ընդառաջ ակտիվորեն քննարկվում են մի շարք փոխզիջումային հարցեր։ Դրանց մեջ ներառված է այսպես կոչված «վթարային արգելակման» Եվրահանձնաժողովի առաջարկը, որը Ուկրաինային ֆինանասական աջակցության տրամադրմանը դեմ հանդես եկող ցանկացած երկրի հնարավորություն կտա հետաձգել վճարումները և հարցը քննարկման դնել ԵՄ ղեկավարների գագաթնաժողովին։
Մեկ այլ հնարավորություն, որը մեծ թափ է հավաքում Հունգարիայից հոգնած Բրյուսելի դիվանագետների շրջանում, Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածին դիմելն է, որը չնայած պայթյունավտանգ միջոց է, սակայն թույլ կտա կասեցնել Օրբանի՝ ԵՄ որոշումների վերաբերյալ քվեարկելու իրավունքը: