Իսրայելը առաջ է քաշել նոր գաղտնի ծարգիր, որի համաձայն Գազայի հատվածում կհաստատվի ռազմական ադմինիստարցիոն կառավարություն, ինչը կնպաստի ապագայում Պաղեստին պետության ստեղծմանն ու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին գրում է իսրայելական The Jerusalem Post-ը։
Պարբերականի փոխանցմամբ ծրագրի առաջին փուլը ներառում է Գազայում իսրայելական ռազմական կառավարության ստեղծումը, որը կվերահսկի շրջան տեղափոխվող մարդասիրական օգնությունը եւ այս «անցումային փուլում» կստանձնի քաղաքացիական բնակչության հետ առնչվող հարցերի պատասխանատվությունը:
Ծրագրի երկրորդ փուլում պետք է ձեւավորվի արաբական միջազգային կոալիցիա՝ որտեղ ներառվելու են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Մարոկկոն, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ այլ երկրներ: Այս կոալիցիան պետք է մաս կազմի տարածաշրջանային կարգավորման ավելի լայն համաձայնագրի՝ աջակցելով «պաղեստինյան նոր իշխանության» ստեղծմանը:
Երրորդ փուլի համաձայն պաղեստինցի այն պաշտոնյաները, որոնք կապված չեն ՀԱՄԱՍ-ի եւ Պաղեստինի ներկայիս կառավարության նախագահ Մահմուդ Աբասին (Աբու Մազեն) ենթակա գվարդիայի հետ, Իսրայելից կժառանգեն Գազայի կառավարումը՝ այդպիսով վերացնելով ներդրված ժամանակավոր ռազմական վարչակազմը: Իսրայելը կպահպանի Գազայում անվտանգության գործողություններ իրականացնելու իրավունքը, այն ձեւով ինչպիսին ներկայումս ունի Հորդանան գետի Արեւմտյան ափում։ Նման գործողությունները իրականացվելու են, երբ ի հայտ գան ահաբեկչության դեմ պայքարի կամ ահաբեկչական ենթակառուցվածքների վերացման օպերատիվ կարիքները:
Հետագա՝ թվով չորրորդ փուլը, որը պայմանավորված է Գազայի կայունացումով եւ նոր կազմավորման («պաղեստինյան նոր իշխանություն») հաջողություններով, ենթադրվում են լայնածավալ բարեփոխումներ Հուդդայում եւ Սամարիայում՝ կապված Պաղեստինի կառավարության գործառույթների, կրթական բովանդակության եւ ահաբեկչության «վերահսկման» հետ:
Պարբերականը նշում է, որ երկուսից-չորս տարի սահմանված ժամկետում, եթե այս փուլը սահուն ընթանա, ապա Իսրայելը կճանաչի Պաղեստին պատությունը այն սահմաններով, որոնք վերահսկում է Պաղեստինի ներկայիս կառավարությունը։ Զուգահեռաբար Իսրայելը կդիտարկի նաեւ նոր կառավարությանը հավելյալ տարածքներ հանձնելու հարցը, որոնք ենթակա չեն լինի վերաբնակեցման։
Գաղտնի այս ծրագիրը, որը մշակվել է «մի խումբ գործարարների» կողմից, փոխանցվել է նաեւ Վաշինգտոնին: The Jerusalem Post-ը նշում է, որ այդ գործարարներից մի քանիսը մտերիմ կապեր ունեն վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
Թեեւ Նեթանյահուն ուղղակիորեն ներգրավված չէ այս քննարկումներում (պատվիրակելով իր վստահելի խորհրդական Ռոն Դերմերին), նա ակտիվորեն առաջ է քաշում եւ քննարկում վերը նկարագրված գործընթացը՝ պահպանելով իր անմիջական մասնակցության փաստի հերքելու հնարավորությունը՝ այն վերագրելով «գործարարներին»:
Պարբերականի փոխանցմամբ այս ծրագիրը մի քանի այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ Իսրայելի ապագայի լայն ռազմավարության մասն է: Գործընթացի համակարգողը գեներալ-մայոր Ռասսան Ալիան է Զուգահեռաբար իրենց սեփական ծրագրերն են մշակում Իսրայելի պաշտպանության բանակը եւ Շին Բեթը (Իսրայելի անվտանգության գործակալություն)։