Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Իրակլի Կոբախիձեին։ Այս մասին կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության նոր նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նոր կառավարության կազմը խորհրդարանը պետք է հաստատի հաջորդ շաբաթ:
Կոբախիձեի խոսքերով, կլինի եւս մեկ նոր նախարար. Ջուանշեր Բուրչուլաձեին պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի պատգամավոր Իրակլի Չիկովանին։
Կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ելույթ չի ունեցել։ Նա միայն հակիրճ պատասխանել է Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին լրագրողների հարցին. «Այդ նա էր այդպես ուզում, դա ես չեմ [որոշել]»։
Իրակլի Կոբախիձեն Վրաստանի խորհրդարանի խոսնակն էր։ Նա պաշտոնը լքել էր 2019 թվականին՝ Թբիլիսիում հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ 2021 թվականի հունվարին Կոբախիձեն նշանակվել էր իշխող կուսակցության նախագահ։