Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ փետրվարի 1-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է Ռուսաստանի սեւծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային փոքր նավը։
Տարածված հայտարարության մեջ Գլխավոր հետախուզության վարչությունը նշում է, որ Ղրիմի Դոնուզլավ լճում ռեյդ կատարող նավը հաջողվել է խորտակել ուղիղ հարվածների արդյունքում։ Սակայն գերատեսչությունը չի հստակեցրել, թե ինչ տեսակի զենք է կիրառվել գործողության ընթացքում։
Ուկրաինայի հատուկ ծառայության հրապարակած տեսանյութում երեւում է, որ արագընթաց ջրային սարքը մոտենում է ռուսական ռազմանավին, որին հաջորդում է պայթյունն ու նավի խորտակումը։
«Украинская правда»-ն գրում է, որ գործողությունն իրականացրել է «Group 13» անունը կրող հատուկ ստորաբաժանումը՝ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության եւ «United 24» հարթակի աջակցությամբ։