Մայրաքաղաքում ձյան տեղումներից հետո կան չմաքրված մայթեր, որրոնցով քայլելիս ընկնելու հավանականությունը բավական մեծ է։ Ավելին՝ տեղումներից հետո ավտովթարներ էլ եղան։
Չմաքրվող մայթերի ու փողոցների վերաբերյալ քաղաքացիները դժգոհություն են հայտնում նաեւ սոցիալական ցանցերում։ Ոմանք նույնիսկ սարկազմով գրառումներ են անում։
«Մայթերը մաքրե՛ք, թե՞ դուք ոտքով չեք քայլում»,- գրում է ֆեյսբուքյան օգտատեր Nareik Nar-ը։
Օգտատերերից մեկն էլ իր զայրույթն արտահայտելիս հիշել է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսը («Ասե՛ք, կանենք»)։ «Ասում եմ, արե՛ք, մայթերը մաքրե՛ք, սղլիկ է». գրել է օգտատերը։
«Փորձում ենք ըմբռնումով մոտենալ ապշահար եւ մոլորված ձեր վիճակին, բայց այնուամենայնիվ, մաքրե՛ք մայթերը, փողոցների մասին ընդհանրապես պապանձվեմ»,- գրել է օգտատեր Մարգարիտա Սարգսյանը։
Նույնիսկ կոշիկ արտադրող ընկերություններից մեկը չմաքրված մայթերի վերաբերյալ հումորային գրառում է կատարել՝ գովազդելով երկարաճիտ կոշիկներ։ «Ներողություն ենք խնդրում մեր բոլոր հաճախորդներից, որ չենք կարողացել նրանց պարգեւել սայթաքելու հաճույքը»,-գրել է ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով մի մայթի նկար, որը բոլորովին չի մաքրվել։
Այս օրերին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջում են մայրաքաղաքում:
Երեւանի ավագանին 2009 թվականի դեկտեմբերի 2-ին կարգ է սահմանել անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Այս որոշման համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլեւ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը եւ սալիկապատ հատվածները:
Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձյունից ու սառույցից, այլեւ կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը: Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում նախատեսում է 15-20 հազար դրամ տուգանք։
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Ալիք Մեդիային» տեղեկացրին՝ Երեւանի վարչական շրջաններում տնտեսվարող սուբյեկտներին ուղարկվել են ծանուցումներ՝ Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին Երեւանի ավագանու որոշման վերաբերյալ: Ձյան տեղումների օրերին մայրաքաղաքում վերը նշված որոշման պահանջը չապահովելու համար տուգանվել է 101 տնտեսվարող:
«Ստուգայցերը եղել եւ լինելու են շարունակական: Այժմ Երեւանում ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ներգրաված է 633 աշխատակից (հերթափոխով): 2023 թվականի ընթացքում ձեռք է բերվել 50 միավոր մայթ մաքրող, ավլող ինքնագնաց մեքենա՝ 34 600 500 դրամ»,- ի պատասխան մեր գրավոր հարցման՝ պատասխանել է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:
2024 թվականի հունվարի մեկի դրությամբ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում առկա է ընդհանուր 42 միավոր ձնամաքրման տեխնիկա եւ աղ ցանող վերապրոֆիլավորված մեքենա, մայթերը խոզանակով մաքրող-ավլող 50 փոքրածավալ մեքենա։
Ձնամաքրման աշխատանքների թերացմանն անդրադարձել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հունվարի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին՝ Ավինյանը նշել է․ «Խնդիրները շարունակում են մնալ բակային հատվածները, մայթերը, եւ, իհարկե, ամենաշատ ձյունը տեղացել էր Ֆեյսբուքում»։
Հունվարի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ավինյանն, անդրադառնալով այս թեմային, նշել է․ «Մենք ունեցել ենք թերացում մայթերի հետ կապված, ունեցել ենք խնդիրներ միջբակային տարածքների հետ կապված։ Մայթերի մասով հիմա ակտիվ աշխատանք է ընթանում մասնավոր սեկտորի հետ, որովհետեւ մայթերի մի մեծ ծավալի պատասխանատվություն դրված է մասնավոր ընկերությունների վրա»։
Նա վստահեցրել է՝ քաղաքապետարանը տեխնիկայի խնդիր չունի, բայց ամեն մեկի պատասխանատվությունը ֆիքսելու խնդիր ունի։
«Քաղաքապետարանն իր պատասխանատվությունն իրականացնում է, բայց ո՛րը մասնավորը պիտի իրականացնի, համատիրությունը պիտի իրականացնի․․․ դժվար է մարդուն բացատրել, որ այն, ինչը պիտի անի համատիրությունը, այդտեղ քաղաքապետարանը մեղավոր չէ։ Մենք ստիպված ամբողջ համակարգը պիտի աշխատեցնենք։ Համաձայն եմ, որ այդտեղ թերացել ենք»,- նշել է Ավինյանը։
Ստացվում է՝ քաղաքապետարանը մեղավոր չէ, բայց մեղավոր է։ Պարադոքսա՞լ է թվում, ոչի՛նչ․ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին պարադոքսն է։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։