Ինքնասիրահարված-մեծամիտները, որպես կանոն, դատարկամիտներ են ու փոքրոգի։ Նրանց դատարկությունն աչք է ծակում։ Իրենց, բայց, թվում է, թե կատարյալ են ու անթերի։
Մեր փաքրոգին էլ, որպես իր տեսակի լավագույն ներկայացուցիչ, դատարկ էր, մանրախնդիր ու ինքնասիրահարված։ Կարողանում էր ստել առանց աչք թարթելու, կարողանում էր շողոքորթել ու մոլորեցնել։ Չուներ սկզբունքներ ու չուներ արգելակներ։
Թվարկված ունակություններին եթե գումարենք նպատակին հասնելու ճանապարհին ցանկացած միջոց ընդունելի համարելու հատկությունն, ապա կերպարն ավելի ամբողջական կդառնա։ Իսկ նպատակն, ինչպես շատ մեծամիտ-ինքնասիրահարվածների դեպքում է լինում, իշխանավոր դառնալն էր։
Դրա համար փոխում էր կուսակցություններ, ընկերներ, գաղափարներ։ Փոխում էր ամենայն թեթեւությամբ, առանց ամոթի ու ափսոսանքի զգացումի, առանց հետ նայելու։ Հայհոյում էր երեկվա ընկերներին, վատաբանում ճամփակիցներին, շողոքորթում այս պահին անհրաժեշտներին։ Նա մեկ ինտերնացիոնալիստ էր, մեկ՝ նացիոնալիստ, մեկ լիբերալ էր, մեկ՝ սոցիալիստ, մեկ խաղաղասեր էր, մեկ՝ կոշտ կռվազան։
Երբ իշխանության կամայականություններին ու սանձարձակություններին վերջ դնելու նպատակով վրդովված քաղաքացիները հրապարակ էին դուրս ելել, վճռեց՝ իր աստեղային ժամն է։
Մարդկանց արդարացի բողոքը շահարկելով, խոստումներ շաղ տալով շահեց հրապարակի համակրանքն ու հրապարակի կամքով իշխանավոր կարգվեց ու անմիջապես մոռացավ ե՛ւ հրապարակը, ե՛ւ մարդկանց, ե՛ւ շռայլած խոստումները։ Էլ երբեք պետք չէին լինելու նրան ո՛չ մարդիկ, ո՛չ հրապարակը եւ ո՛չ էլ խոստումները։ Նրան արդեն իշխանության ամրապնդումն ու երկարաձգումն էին հուզում։
Կարգեց նոր նախարարներ ու նոր կառավարիչներ։ Որքան փոքրոգի էր նա, նույնքան ու ավելի փոքրոգի էին ընտրյալները։
Ամեն ինչ ավելի քան լավ էր ընթանում․ երկրում ինքը տեր էր ու տնօրեն, բայց երկրից դուրս, միջպետական հանդիպումների ժամանակ, մեր փոքրոգուն ճնշում էին։ Գործընկեր երկրների ղեկավարները նրան իրենց հավասար չէին համարում, արհամարհում էին անթաքույց։ Ում մտքով անցներ՝ մի տհաճ խոսք կասեր նրան, մի անտեղի ու անհամ կատակ կաներ։
Նման հանդիպումներից հետո մեր փոքրոգին երկիր էր վերադառնում կատաղած ու ողջ զայրույթն իր ենթակաների գլխին էր թափում։ Ձեռքը սեղանին էր խփում, գոռում էր, հայհոյում, սպառնում էր, թե բոլորին դատի է տալու, թե ձրիակերներ են, չեն աշխատում։ Հետն էլ որսալով նրանց ծառայամիտ հայացքները, լսելով նրանց հավատարմության երդումները, հետեւելով նրանց նվաստ վարքին՝ դրսում կրած վիրավորանքները փոխհատուցված էր համարում։
Բայց կար մի «բայց», անլուծելի ու անհաղթահարելի մի «բայց»։ Կար հարեւան երկրի ղեկավարը, որն աչքի էր ընկնում իր սանձարձակությամբ։ Այ, սրանից որեւէ կերպ պրծնել մեր փոքրոգին չէր կարողանում։ Եթե այլ երկրների ղեկավարների կծու կատակներն ու վիրավորական դիտողությունները փակ հանդիպումների ժամանակ, սահմանափակ թվով մարդկանց ներկայությամբ էին լինում, ապա սա մեր փքրոգուն հրապարակավ էր ծանակում։ Ավելին՝ նա փոքրոգու, առանց այն էլ փոքրիկ երկիրն էլ ավելի փոքրացնելու խնդիր ուներ՝ տարածքներ ու ճանապարհներ էր պահանջում։
Զայրանում էր մեր փոքրոգին, հունից դուրս էր գալիս, սրան-նրան ազատում էր աշխատանքից, մեկին հայհոյում էր, մյուսին դատի էր տալիս, ենթակաների նվաստացման սեանսներն ավելի հաճախակի էր դարձնում, բայց հարեւան երկրի ղեկավարի հետապնդող ուրվականից ազատվել չէր կարողանում։
Բոլորն ու բոլոր անկյուններում հարեւան երկրի ղեկավարի ելույթների ու պահանջների մասին էին խոսում։ Լռեցնել այս զրույցնեըը, չլսելու-չնկատելու տալ հնարավոր չէր։
Գաղտնի խողովակներով փոխանցում էր, որ բոլոր պահանջները կբավարարի, որ ցանկացած զիջման կգնա, միայն թե նա դադարի իրեն ծաղրելուց ու նոր պահանջներ առաջ չքաշի։ Հավաստիացումներ էր ստանում, կատարում էր պահանջները, բայց յուրաքանչյուր զիջումից հետո, նոր պահանջներ էին հնչում ու նոր վերջնագրեր, հետն էլ, պարտադիր, կծու ծաղրի նոր չափաբաժին։
Ծանր մտքերից ձերբազատվելու, ինչպես նաեւ երկրի ներսում ժողովրդի աչքին բարձրանալու նպատակով, հեռավոր գյուղեր ու քաղաքներ ցուցադրական այցեր էր կազմակերպում։ Իբր՝ իր ենթակաների աշխատանքն է ստուգում։ Իբր՝ խիստ է, պահանջկոտ է ու անողոք։ Խրոխտ ելույթներ էր ունենում, նահանջները, պարտություններն ու կորուստներն իրենից առաջ եղած իշխանավորների սխալներով էր պայմանավորում։ Իր մեղքը չէր տեսնում բոլորովին։ Չէր գիտակցում, որ ինքն է անկարող։
Գնալով ավելի ու ավելի էին համոզվում մարդիկ, որ ապիկար է նա, որ խոստմնազանց է ու խաբեբա, որ իշխանություն ունենալուց զատ այլ ծրագիր չի ունեցել ու չունի, որ նրա օրոք կորուստներն ու պարտությունները շարունակվելու են։
Ամենուր խոսում էին նրան հեռացնելու անհրաժեշտությունից, բայց չկար դեռ այն ուժը, որ կուտակվում է կաթիլ առ կաթիլ ու բոլոր մերժելի իշխանավորների համար մի օր գալիս է անսպասելի ու քշում նրանց իշխանական միջանցքներից; Դեռ չէր կուտակվել մեր փոքրոգու դեմ ուղղված էներգիայի այնքան չափաբաժին, որքան կուտակվել էր նրանից առաջ եղածների դեմ։
Բայց կկուտակվի։ Դրա համար ժամանակ է պետք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։