Ամերիկացի սենատորները նախօրեին ներկայացրել են 118 միլիարդ դոլար արժողությամբ երկկուսակցական երկար սպասված օրինագիծը, որով ապահովվելու է ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորումը, Ուկրաինային, Իսրայելին եւ ԱՄՆ-ի այլ դաշնակիցներին տրամադրվելիք ռազմական օգնությունը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Ազգային անվտանգության հարցերի» լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ փոխզիջումային համաձայնագրի տեքստը, որը կարող է վերջ դնել հոկտեմբերից շարունակվող վեճերին, տեղադրված է ԱՄՆ-ի Սենատի կայքում։
Այժմ օրինագիծը պետք է քվեարկության անցնի Կոնգրեսում եւ դիմակայի հանրապետականների, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի քննադատությանը:
Օրինագծի համաձայն՝ սենատորներն առաջարկում են 60 միլիարդ դոլար ծախսել Ուկրաինային աջակցելու համար, 14 միլիարդ՝ Իսրայելին օգնության տրամադրման համար, ավելի քան 20 միլիարդ Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության ապահովմանն ու մոտ 5 միլիարդ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկերներին աջակցելու համար: Սրանից գրեթե 2,5 միլիարդ՝ Կարմիր ծովում «Բարգավաճման պահապան» գործողությանն աջակցելու համար (Եմենում «Անսար Ալլահ» կամ «Հութիներ» կոչվող շարժման ենթակառուցվածքների ռմբակոխությունների համար), եւ նույնքան էլ՝ Մերձավոր Արեւելքում գործող ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համար։
Նման օրինագծի հաստատումը կարող է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար նոր հնարավորություններ ընձեռել՝ Կիեւին ավելի վաղ խոստացված օգնությունը տրամադրելու համար։
Նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ Սենատի առաջարկը «ԱՄՆ-ին թույլ կտա շարունակել իր կենսական աշխատանքը գործընկերների հետ ամբողջ աշխարհում՝ պաշտպանելու Ուկրաինայի ազատությունը եւ աջակցել ռուսական ագրեսիայից պաշտպանվելու նրա կարողությանը»:
Նշելով, որ սահմանները ապահովելու եւ միգրացիոն համակարգը վերականգնելու իրական ժամանակն է, հայտարարության տեքստում հավելվում է․ «Այն մեր երկիրն ավելի ապահով կդարձնի, մեր սահմանն ավելի ապահով կդարձնի, մարդկանց հետ կվարվեն արդար եւ մարդասիրաբար՝ պահպանելով օրինական ներգաղթի տարբերակները, որոնք համահունչ են մեր ազգային արժեքներին»։
Արտաքին քաղաքականության այս նպատակի կարեւորությունը կիսում են Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ սենատոր Չակ Շումերը եւ Սենատի հանրապետական առաջնորդ սենատոր Միթչ Մաքքոնելը:
Օրինագծի ընդունման մասին հայտարարությունից հետո Շումերը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այն «մոնումենտալ քայլ է» ուղղված ԱՄՆ ազգային անվտանգության ապահովմանը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Սենատորը նշել էր, որ առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է հայտնվել ռուսական ճնշման տակ եւ Արեւելյան Եվրոպային դնել սպառնալիքների առջեւ։
Նախագահ Բայդենը Կոնգրեսին խնդրել էր 106 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնելու եւ երկրի հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար դեռեւս 2023 թվականի հոկտեմբերին։ Սակայն դրա շուրջ որոշում մինչ օրս չի կայացվել։ Հիմնական պատճառը հանրապետականների ու դեմոկրատների անհամաձայնությունն էր Մեքսիկայի հետ սահմանի ամրապնդման միջոցառումների շուրջ։ Հանրապետականները պահանջում էին խստացնել միգրացիոն քաղաքականությունը եւ այն որպես պայման դրեցին Ուկրաինային ուղղված ցանկացած լրացուցիչ օգնության հարցը քննարկելու համար։
«Ամերիկայի ինքնիշխանությունը փորձության է ենթարկվում այստեղ՝ տանը, իսկ մեր վստահելիությունը փորձության է ենթարկվում ոգեշնչված հակառակորդների կողմից ամբողջ աշխարհում: Մեր առաջ ծառացած խնդիրները իրենք իրենց չեն լուծվելու, եւ մեր հակառակորդները չեն սպասելու մինչեւ մենք կորոշենք վճռական գործողությունների դիմել»,-ասել էր Մաքքոնելը։