Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալական Rai 1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ընթացող պատերազմը լճացած վիճակում է։
«Պատերազմի հարցում լճացում է, սա փաստ է, ինչը առավելապես պայմանավորված է տեխնիկայի մատակարարման ուշացումների հետ , իսկ ուշացումները նշանակում են սխալներ… Մենք կռվում ենք ահաբեկիչների դեմ, որոնք ունեն աշխարհի ամենամեծ բանակներից մեկը։ Զինամթերքը բավարար չէ, ժամանակակից տեխնիկա է անհրաժեշտ»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում իշխանության փոփոխման դեպքում Վաշինգտոնի քաղաքական գիծը կշարունակի մնալ նույնը։ Նա նշել է, որ «Հանրապետական կուսակցության ներսում կան արմատական ձայներ, բայց նաեւ շատ մարդիկ, ովքեր աջակցում են Ուկրաինային»։
«Որոշողը Միացյալ Նահանգների ժողովուրդն է, բայց եթե նրանք մտադիր են նվազեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ապա աշխարհաքաղաքական նոր ձեւավորում կլինի։ Պուտինը կճեղքի մեր պաշտպանությունը, առաջ կշարժվի եւ այդքան հեշտությամբ կանգ չի առնի»,-հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքերով առավել դրական է երկրի ռազմածովային ուժերի գործողությունների արդյունքները։ «Ռուսաստանը կորցրեց շատ նավեր, եւ մեզ հաջողվեց հացահատիկային միջանցք ստեղծել Սեւ ծովում: Սա գործողության պրագմատիկ մասն է, որը դրական ազդեցություն ունի տնտեսության վրա»,-նշել է Զելենսկին:
Նախագահը ընդգծել է, որ ռուսական բանակը չի կարող լայնածավալ հարձակում սկսել, եւ որ այն արդեն դադարեցվել է։
«Կարեւորն այն է, որ երկու տարվա ընթացքում մենք կարողացանք պաշտպանել մեր պետությունը։ Մեր երկրի մոտ 26 տոկոսը շարունակում օկուպացված է մնալ, սակայն մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը էական առաջընթաց չի գրանցում»,-ասել է Զելենսկին։