2013 թվականիի փետրվարի 5-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ սարգսյանը Մալաթիա Սեբաստիա համայնքի ընտրողներին որոշում է ներկայացնել ընտրություններում իր մրցակիցների արժանիքները չմոռանալով հիշեցնել, որ պետք է ընտրեն իրեն: «Մեր հասարակության մի հատված ընտրելու է Պարույր Հայրիկյանին, մարդու, ով մարմնավորում է անկախ Հայաստանի գաղափարը, մեկ այլ հատված` Հրանտ Բագրատյանին, ով ունի զարգացման սեփական տեսլականը, մի հատվածն էլ` Րաֆֆի Հովհաննիսյանին, ով դարձել է անընդունելի երեւույթների դեմ պայքարող հայրենասերի խորհրդանիշ»,- ասում է նախագահի իշխանության թեկնածուն:
ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից դժգոհում է, որ նույնիսկ պատգամավորները գաղափար չունեն, թե ինչ տրամաբանությամբ է թանկանում գազը Հայաստանում: Նազարյանը հակադարձում է. «Գոնե մեկ անգամ եկեք մեզ մոտ, որ հասկանաք` ինչ եք ուզում, հետո ես 10 անգամ կգամ ձեզ մոտ` ես ամբիցիաներ չունեմ, ամեն ինչ տեսել եմ ու արդեն մայրամուտի մեջ եմ` ինձ պաշտոն պետք չէ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը փորձում է հատուկ հասարակության համար լույս սփռել այն հարցի վրա, թե Դաշնակցությունն ի վերջո իշխանության կողքի՞ն է, թե իշխանության դեմ: «Հասարակությունը միշտ պիտի իմանա, որ Դաշնակցությունը միշտ իր կողքին է, արդեն 125 տարի է, դա ապացուցում է, մնացածը թող դրա կեսի-կեսի չափով ժողովրդի կողքին լինեն, նոր մեզ դասեր տան»,-բորբոքվում է պատգամավորը:
Հաջորդ տարի նույն օրը ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը սահմանադրական բարեփոխումներում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունից ամուսնության հոտ է առնում: «Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում»,- անմիջապես հակադարձում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է, թե ինչու է Հայաստանը նահանջել՝ կոռուպցիայի ընկալման (ԿԸՀ) համաթվի 2016 թվականի ցուցանիշով 176 երկրների շարքում հայտնվելով 115-րդ տեղում. «Սանդղակում ընդգրկված պետությունների թիվն իննով աճել է, ընդ որում՝ բավականին աճել են ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնող պետությունների ցուցանիշները»։
«Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Բրայան Ուիթմորը համոզված է, որ Ղարաբաղի պատճառով Ռուսաստանը շատ լծակներ ունի Հայաստանի նկատմամբ: «Եթե վերանա ռուսական աջակցությունը, ապա հավասարումը կտրուկ կփոխվի եւ ոչ թե Հայաստանի օգտին։ Իսկ Ռուսաստանը դա գիտի, եւ Հայաստանը դա գիտի: Ռուսաստանը գիտի, որ Հայաստանը գիտի»,- ասում է Բրայան Ուիթմորը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է փնովել Հայաստանի գործող հիմնը՝ «Իտալացի աղջկա երգը»: «Մենք ունենք Կոմիտաս եւ կարիք չունենք «Իտալացի աղջկա երգի»: Ես հավանում եմ Արամ Խաչատրյանի հիմնի տարբերակը»,- հստակ ասում է ԱԺ փոխնախագահը:
Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ոչ մի բառով չի անդրադառնա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ իր գործունեության մասին հնչեցրած մեղադրանքներին. «Ինձ միշտ ասել են՝ որոշակի շառ կա, այ էդ շառից պիտի հեռու լինես»:
44-օրյա պատերազմից 3 ամիս հետո Հայաստանը, ըստ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, շարունակում է մնալ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: «Հարց՝ ինչպե՞ս։ Այնպես, ինչպես մինչ այդ էր անում»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը:
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համար 2020-ի ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 9-ի ռուս-ադրբեջանա-հայկական համաձայնագիրը դատավճիռ չէ, այն կարելի է փոխել: «Պետք է ձգտել նոր եռակողմ փաստաթղթի, որտեղ արտացոլված կլինեն մեր կենսական շահերը»,- ասում է Իշխան Սաղաթելյանը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարում է, որ Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. «Այլոց ազդեցության տակ ինչ-որ պատրանքներ ունենալն իմաստ չունի։ Մենք կոչ ենք անում Հայաստանին օգտվել այս հնարավորությունից»:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: