ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 5-ին ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպում է ունեցել թագաժառանգ Մուհամմադ Բեն Սալաման ալ-Սաուդի եւ արտգործնախարար Ֆեյսալ Բեն Ֆարհան ալ-Սաուդի հետ։ Այցի նպատակն է հեշտացնել Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածի կառավարման հարցում առաջընթացի հասնելը։
Ռիյադ կատարած այցը Բլինկենի Մերձավոր Արեւելք ավելի մեծ շրջագայության առաջին կանգառն է։ Սպասվում է, որ Գազայում նոր հրադադարի եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելացիների ազատ արձակաման հարցերով պետքարտուղարը շաբաթվա ընթացքում կայցելի նաեւ Եգիպտոս, Կատար եւ Իսրայել։
Սա ՀԱՄԱՍ-ի` Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո ԱՄՆ պետքարտուղարի թվով հինգերորդ այցն է տարածաշրջան։
Ուղեւորությունը տեղի է ունենում է Գազայի հարավային Ռաֆա քաղաքի եւ Եգիպտոսի հետ սահմանային «Ֆիլադելֆիական միջանցք» կոչվող շրջանի ուղղությամբ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման նախապատրաստման մասին տեղեկությունների ֆոնին։
Ռաֆա քաղաքի անցակետը հակամարտության սկսվելուց հետո համարվում է Գազա հումանիտար բեռների տեղափոխման միակ դարպասը։ Բացի այդ, այստեղ են կուտակվել նաեւ շրջանի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներից տեղահանված պաղեստինցիներ։
Արտգործնախարար Ֆեյսալ Բեն Ֆարհանի հետ հանդիպման ընթացքում Բլինկենը նշել է․ «Գազայում հումանիտար կարիքների հրատապ լուծումը եւ Մերձավոր Արեւելքում կայունության խթանումը առաջնահերթություններ են, որոնք մենք կիսում ենք Սաուդյան Արաբիայի հետ»։
Հաջորդ հանդիպումը, որը Բլինկենը անցկացրել էր արդեն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Բեն Սալմանի հետ տեւել էր մոտ երկու ժամ։
Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Բլինկենը եւ Բեն Սալմանը քննարկել են տարածաշրջանային համակարգման հետ կապված հարցեր՝ նպատակ ունենալով հասնել ճգնաժամի «երկարաժամկետ» լուծման։
Նախորդ շաբաթ Կատարի եւ Եգիպտոսի միջնորդների կողմից ներկայացված հրադադարի առաջարկի շուրջ ՀԱՄԱՍ-ը դեռեւս վերջնական պատասխան չի տվել։ Ավելի վաղ պաղեստինյան շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ պատանդառված իսրայելացիների ազատ արձակաման եւ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ գործարքի կգնան միայն այն դեպքում, եթե Իսրայելը իր բանակը դուրս բերի Գազայի ողջ տարածքից:
«Անհնար է ասել, թե արդյոք բեկման կհասնենք, կամ թե երբ բեկում կունենանք»,-Ռիադ թռիչքի ժամանակ լրագրողներին ասել էր Բլինկենը՝ հավելելով, որ «գնդակը այժմ ՀԱՄԱՍ-ի դաշտում է»։
Reuters-ի փոխանցմամբ Մերձավոր Արեւելքում Բլինկենը նաեւ ձգտելու է դաշնակից երկրների աջակցությունը ստանալ՝ Գազայում հետպատերազմական վերակառուցման եւ վերջնարդյուքնում Պաղեստին պետության ստեղծման հետ կապված Վաշինգտոնի ծրագրերի հետ։
Մյուս կողմից ԱՄՆ-ն նաեւ ձգտում է կանխել տարածաշրջանում հակամարտության աշխարհագրության ընդլայնումը, Իրաքի եւ Սիրիայի տարածքում գործող եւ Վաշինգտոնի պնդմամբ Իրանից աջակցություն ստացող մի շարք ռազմականացված խմբավորումների դիրքերին ավիահարվածներ հասցնելուց հետո։