Խորհրդարանում այսօր կրկին մեղադրանքների պակաս չկար: Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՔՊ-ական իշխանությանը մեղադրում է ադրբեջանական կողմի պահանջով Սահմանադրություն փոխելու մեջ:
«Դա բնորոշ է խամաճիկ պետություններին»,-արձանագրում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամը:
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատրաստ չէր լսել այսպիսի մեղադրանք:
«Տո՛ ձեզանից լավ կապիտուլյանտ, պարո՛ն Խաչատրյան։ Արցախում իշխանություն վերցնելուց 2 շաբաթ չանցած ամբողջությամբ դատարկվեց, մի մարդ չմնաց։ Ասում է՝ հանդուրժում եք, որ Հայստանը լցվել է թուրքերով։ Ներողություն, Արծվաշենը քանի՞ տարի է ձեր իշխանության օրոք լցված եղել թուրքերով, ի՞նչ եք արել Արծվաշենի համար, ինչի՞ հետ չեք բերել Հայաստանի սուվերեն տարածքը։ Ասում եք՝ հակադրում եք ազգն ու պետությունը։ Դուք պայքարում եք ՀՀ-ի դեմ»,-չէր հանգստանում իշխանական պատգամավորը:
Վահագն Ալեքսանյանը ոչ մի կասկած չունի, որ ընդդիմությունն իր մեղադրանքները հնչեցնում է օտար ուժերի պատվերով: