Ոմանք գուցե հիշեն «Ար» հեռուստաընկերությամբ մի ծեր մարդու խոսքը՝ էս երկիրը երկիր չի, էս երկիրը պետք է քանդել, նորը սարքել:
Հիմա Նիկոլ Փաշինյանը քանդում է էս երկիրը: Գերբի, հիմնի եւ Սահմանադրության «փոփոխությունը» երկիրը քանդելու գործիքներն են: Էդ նոր երկրում Ղարաբաղի հարց չկա: Էդ նոր երկիրը մոլորակի երեսին երբեւէ չի եղել, թեպետ նրա աշխարհագրական տարածքը նույնն է: Էդ նոր երկիրը դարձյալ կոչվելու է Հայաստանի Հանրապետություն, որը նախկինում գոյություն չի ունեցել:
Այդ Հայաստանի Հանրապետությունը ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք նախորդ երեք Հայաստանի Հանրապետությունները չեն ունեցել:
Այդ նոր Հայաստանի Հանրապետությունը 4-րդ Հանրապետությունն է, որի մասին, եթե չեմ սխալվում, շատ ավելի վաղ խոսել է Պարույր Հայրիկյանը:
Այդ Հանրապետությունը չպիտի ունենա քաղաքացի, որի ուշքն ու միտքը Արեւմտյան Հայաստան վերադարձնելն է, որը այնքան չկա, որ իր ոտքերը պետական սահմաններից ավելին մեկնի: Որ էդ հանրապետության մարդուն հարցնես որտե՞ղ է Ղարաբաղը, գուցե տեղը չիմանա: Որովհետեւ չկա էն երկիրը, որի ամեն ինչը ծառայեցվում էր Ղարաբաղին, ինչպես եւ Ղարաբաղը չկա:
Չկա ոչ մի Ղարաբաղ, որի մասին ասես, որ այն չի լինելու Ադրբեջանի կազմում ու քո երկիրը դնես վտանգի տակ: Այսինքն, փակես բանակցություններում մանեւրելու հնարավորությունների դուռը, որը հայրենասիրական գործողություն է, ոչ թե՝ քաղաքական:
Նիկոլ Փաշինյանը սոսկ Սահմանադրություն, գերբ կամ հիմն չի փոխում, նա փոխում է պետության էությունն ու քաղաքացուն: Նախորդ 30 տարին Մովսեսի դեգերումների 40 տարիներն էին, երբ վերջապես ամենայն հստակությամբ ուրվագծվեց Ավետյաց երկիրը, որտեղ ժողովրդին առաջնորդում է ոչ թե Մովսեսը, այլ՝ Հեսուն:
Միայն քաղաքացին չէ, որ փոխվեց, փոխվեց նաեւ այն ամենը, ինչը Փաշինյանի իշխանության համար «քաղցկեղի» կառուցվածք ուներ բոլոր երեք Հայաստանների օրգանիզմում:
Որպեսզի հասկանանք ի՞նչ է 4-րդ հանրապետությունը, պետք է ինվենտարիզացնենք, թե ինչ չէին առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունները:
Երեք հանրապետություններում մենք ատել ենք թուրքին, մենք ունեցել ենք հաստատուն թշնամի, որին «հակառակորդ» մեծահոգի բառն էլ չէր կպնում: Վերջ, չորրորդ հանրապետությունը ոչ մեկին չի դիտում թշնամի կամ նույնիսկ հակառակորդ: Հենց սրանով է բացատրվում «Հայոց պատմության» վերածումը «Հայաստանի պատմության» եւ հիմնի փոփոխությունը: Այդ հանրապետությունում թշնամիներ չկան, ինչո՞ւ պիտի երգենք՝ մեր թշնամյաց ոտնակոխ:
Երեք Հանրապետություններում էլ (առաջինում՝ անհամեմատ քիչ) վճռական խոսք է ունեցել Մոսկվան, հենց նա է թելադրել մեր պետության նիստ ու կացը, քաղաքական օրակարգերը եւ այլն, հենց նրանք են նշանակել մեր ԱԳ, ՊՆ եւ ԱԱ նախարարներին, նրանցն էր ՀՀ նախագահ նշանակելու լիազորությունն ըստ 4-րդ Հանրապետության գաղափարախոսների:
Չորրորդ հանրապետությունում քաղաքականությունն իրականացվելու է ներսից եւ Մոսկվան կարող է լինել Անկարային, Բաքվին, Թեհրանին եւ Թբիլիսիին, ինչո՞ւ չէ, նաեւ Կանբերային, Սանտյագոյին եւ Անտանանարիվուին հավասար գործընկեր:
Այդ հանրապետությունում ոչ ոք այլեւս երբեք չի ասելու՝ մեր պետության այսինչ ընտրություններում Մոսկվայի, Վաշինգտոնի, Բաքվի կամ Անկարայի թեկնածուն այսինչն է:
Էդ հանրապետությունում ոչ ոք այլեւս Սահմանադրությունը մի կողմ դնելով իշխանությանը չի ասի՝ իշխանությունը մեզ տուր, դու գնա, քանի որ պատերազմ ես պարտվել, այդ հանրապետությունում պարտված իշխանությունը պիտի հեռանա ընտրություններով: Պիտի հեռանա կամ բռնված հանցանքի պահին, այսինքն, ընտրությունները կեղծելիս, կամ Սահմանադրությունը ոտնահարելիս կամ ընտրություններով: Որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ իշխանությունը մեզ տուր (ասենք, Ազգային համաձայնության կառավարությանը), դա քաոսի սկիզբ է՝ ինչո՞ւ պիտի հենց ձեզ տամ եւ ոչ թե մեկ ուրիշին: Սա Հոկտեմբերյան հեղափոխության ճանապարհն է:
Այդ հանրապետությունում ոչ ոք ժողովրդին չի ասի ժեխ, նրան, որն իշխանություն ձեւավորելու միակ լեգիտիմ ուժն է երկրում:
Շարունակենք: Չորրորդ հանրապետությունը պետություն է զրոյից, որը արդեն նախորդ երկու հանրապետություն տեսածներին (առաջինը տեսածներն ուղղակի չկան) ասում է՝ ձեր տեսածն ու ապրածը հաշիվ չէ, որովհետեւ ձեր տեսածներում ամեն ինչ կար, բացի ինքնորոշումից ու Սահմանադրությունից: Մենք այլեւս կիսահանրապետություն չենք լինելու:
Շարունակենք: Այդ չորրորդ հանրապետությունն ասում է՝ ձեր Անկախության հռչակագրին ոչ ոք մատով չի կպնում, ոնց կույս ու անձեռնմխելի կար այդ հռչակագիրը, այդքան կույս ու անձեռնմխելի էլ մնալու է, բայց նա չորրորդ հանրապետությունում անելիք չունի, Անկախության այդ հռչակագիրը պատմություն է եւ այն փոխել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ փոխել, ասենք, Կիլիկիայի անկումը: Այն հնարավոր է վերաիմաստավորել միայն հետին թվով:
Ճիշտ են բոլորը, որոնք ասում են, թե «Անկախության հռչակագիրը իրավաբանորեն անփոփոխելի փաստաթուղթ է եւ կախված չէ Սահմանադրությունից, այլ սահմանադրականության անբաժանելի մասն է»: Բայց 4-րդ Հանրապետությունում այն անելիք չունի: Չկա՞ երրորդ Հանրապետությունը, ուրեմն չկա նաեւ նրա Անկախության հռչակագիրը եւ նույնիսկ նրա սահմանադրականությունը չկա: Մենք 4-րդ հանրապետություն ենք մտնում այդ հռչակագրի գոյությունից անկախ: Եթե կուզեք, ի հեճուկս դրա: Եթե անգամ այն պետականաստեղծ փաստաթուղթ է, մենք՝ իշխանությունը, փակում ենք այդ պետականությունը եւ ստեղծում ենք նորը: Եթե հարկ լինի, կգրվի նոր Հռչակագիր:
Այդ հանրապետությունն ասում է՝ մենք չենք լինելու կայսրությյունների պահապան: Այսինքն, ֆորպոստ: Մի ոտատեղ ենք, թե՝ երկու ոտատեղ, մեզ հետ պիտի հաշվի նստեն: Նույնիսկ, եթե մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում: Դու դառնում ես քաղաքական ազգ, որից հետո ոչ մի Պուշկին այլեւս չի ասում՝ ты трус, ты раб, ты армянин:
Այդ հանրապետությունում քո արտաքին քաղաքականությունը որոշում ես անձամբ, մենք հավասարը հավասարի պես ենք խոսում բոլորի հետ:
Այդ հանրապետությունում ոչ մի կուսակցություն Սահմանադրությամբ չի կարողանա ողջունել իշխանությանը հրաժարականի դրդելու զինվորականության պահանջը:
Այդ հանրապետությունում հանվելու են Հայաստանի անկախության հետ կապ չունեցող գործիչների, այսինքն, կայսրության խորհրդանիշների արձանները, քանզի պիտի կարողանաս քո ոչ ռուս կամ նույնիակ ռուս հյուրին ասես թե Լենինի հարազատ Սիմբիրսկն ազատագրած Գայի արձանն ի՞նչ է անում Երեւանի խիստ տեսանելի վայրում: Կամ՝ Ստեփան Շահումյանի արձանը (Համբարձում Գալստյանի ականջը կանչի): Մյասնիկյանի մասին կլռեմ, Չարենցը հենց այնպես չէր երգում նրան:
Այդ հանրապետությունում 5-րդ շարասյուն դառնալը կհետապնդվի օրենքով:
Վերջապես այդ հանրապետությունը պետք է առանց հրաշքների բացատրի, թե հայն ի՞նչ գործ ունի 21-րդ դարում:
Բայց նույնիսկ այդ հանրապետությունն անզոր կլինի փոխել երկու բան: Այդ հանրապետությունն, այնուամենայնիվ, չի դիմադրի ըստ քաղաքական անհրաժեշտության օտարերկրյա ռազմաբազաների տեղակայմանը:
Եվ այդ հանրապետությունը չի կարող կտրել մեր, թույլ տվեք ասել, նախապատմական պորտալարը Մասիս սարի հետ, որը թեկուզ զուտ դիրքային պատճառներով միշտ մնալու է հայկականության խորհրդանիշ:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: