Որքան էլ զարմանալի է, բայց գաղափարական տեքստերի այս ամուլ տիրույթում բացվել է մի տարօրինակ խոսակցություն, ըստ որի լեւոնականություն ասվածի դարաշրջանն ավարտվել է Արցախի կորստով եւ այլեւս ժամանակավրեպ է դրա մասին խոսելը:
Զարմանալիորեն լեւոնականության «մահը» ազդարարում են այն շրջանակները, որոնք հենց ներկայացնում են Տեր-Պետրոսյանի գաղափարակիցների ճամբարը։ Դեռ ավելին, բոլոր նրանք, ովքեր փորձում են ինչ-ինչ իրավիճակներում հղում անել հիմնադիր նախագահի նախկինում հնչեցված մտքերին, արժանանում են քարկոծման եւ հերձվածի պախարակելի կոչմանը` մեղադրվելով իշխանական քարոզչության գործիք լինելու համար:
Այս՝ առաջին հայացքից պարադոքսալ թվացող, իրադրությանը ես կարիք ունեմ մեծամտաբար անդրադառնալու:
Անկեղծ ասած՝ սկզբնական շրջանում փորձեցի ենթադրել, թե խնդիրը «Լրջանալու պահը» էությամբ չհասկանալու մեջ է: Մի կողմ թողնելով հիմնադիր նախագահի քաղաքական ժառանգության բազմաշերտությունը՝ կենտրոնանանք նրա գործունեության առանցքային դրվագներից մեկին՝ 97-98 թվականների իրադարձություններին եւ Տեր-Պետրոսյանի հրաժարականին․ լեւոնականի համար խաչելիության տեսարանին:
«Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում եւ դրան հաջորդած Անվտանգության Խորհրդի հայտնի նիստում Տեր-Պետրոսյանի պնդումը Արցախյան հիմնահարցի լուծման շուրջ կարծես թե լիովին չի ընկալվում:
Արցախի հարցը լուծելը ինքնանպատակ չէր, ինչպես փորձում էին ներկայացնել հիմնադիր նախագահի այն ժամանակվա ընդդիմախոսները եւ նրանցից էստաֆետը վերցրած մերօրյա «լեւոնականները»: Խնդիրն Արցախն ունենալը չէր․ խնդիրն Ադրբեջանի հետ ընթացող հակամարտության ազդեցությունն էր Հայաստանի վրա։
Արցախի հարցի լուծումը (հենց լուծումը, ոչ թե հարցը) ինքն իրենով միջոց էր, ոչ թե նպատակ: Իսկ նպատակը Ադրբեջանի եւ հետեւաբար նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էր:
Թե՛ հոդվածը եւ թե՛ ԱԽ նիստում դրան հետեւած ելույթը պատասխան էին այն ընդդիմախոսներին (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան, Վ. Մանուկյան), ովքեր պնդում էին, թե ՀՀ-ն կարող է զարգանալ փակ սահմաններով եւ առանց հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման:
Տեր-Պետրոսյանը մանրամասնորեն շարադրում էր՝ Հայաստանը հասել է իր զարգացման ֆիզիկական լիմիտներին եւ առանց երկու հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման այլեւս անհնար է լինելու հաղթահարել զարգացման խոչընդոտները:
Ահա հանուն այդ հարաբերությունների կարգավորման էր նա առաջարկում Արցախի հարցում գնալ փոխզիջումների (ի՞նչ է կա որեւէ հայ, որ չէր ցանկանա 7 շրջաններ + Արցախ ձեւաչափը եւ հենց էնպես կհրաժարվեր դրանից) եւ հետագա 30 տարիներն ի հեճուկս Քոչարյան-Սարգսյան զույգի պնդումների ապացուցվեց, որ գործնականում անհնար էր ապահովել Հայաստանի զարգացումը հակամարտության առկայության պայմաններում:
Տեր-Պետրոսյանի ողջ ելույթը կազմված էր այդ զարգացման անհնարինությունն ամրապնդող ապացույցներից եւ ոչ թե պարզապես հարցը լուծելու առաջարկություններից։
1997-98-ի իրադարձություններն են այն առանցքը, որը թույլ է տալիս պնդել՝ այդ հարցում լեւոնական իրատեսությունը կառուցված էր ոչ թե Արցախի Հարցը ամեն գնով լուծելու, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ:
Լեւոնականությունը նեղացնել ու դարձնել միայն Արցախի հարց լուծել եւ դրա անհնարինության պայմաններում գուժել այդ գաղափարախոսության մահվան մասին ոչ այլ ինչ է, քան ծաղր Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգության նկատմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ«Նեոլեւոնականները» աղետից են մեկնարկում |
Հիմա դառնանք մեր օրերին: Իսկ մի՞թե Արցախի կորստով վերացել են հիմնադիր նախագահի մատնանշած` Հայաստանի ֆիզիկական զարգացման լիմիտները: Մի՞թե այլեւս կարողանալու ենք ջերմուկով ու սփյուռքով Հայաստանը զարգացնել, որ խոսում ենք իրատեսությունը մի կողմ դնելու եւ Ադրբեջանին զիջումներ չանելու մասին (տրամաբանորեն հարաբերությունների կարգավորման գինը 44-օրյա պատերազմից հետո փոխզիջումից ցավալիորեն վերափոխվել է զիջման):
Եթե մերժում ենք, մեզ ապագայում ավելի լավ տարբերակնե՞ր են առաջարկվելու: Ի՞նչն է փոխվել, որ արյունով ձեռք բերված տարածքները զիջելուն պատրաստները հիմա հանկարծ անընդունելի են համարում թղթի կտորի վրա գրվածի փոփոխումը (Հայաստանի առջեւ դրված պահանջներից մեկը):
Դա ո՞նց հասկանանք: Ո՞նց պատահեց, որ այլեւս Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի զարգացման նախապայման չէ, ինչի մասին էր հենց 97-ի ողջ դիսկուրսը: Էդ ի՞նչն է փոխվել, որ լեւոնականությունը «մահացել» է եւ Քոչարյան-Վազգենների գաղափարներն են վերածնվել:
Կհակադարձեք, որ Ադրբեջանը էդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը բանի տեղ չի դնելու ու հարձակվելո՞ւ է հարմար առիթի դեպքում: Շատ լավ: Հիշեցնեմ, որ այդ նույն բառերով ընդդիմախոսները խոցելի էին համարում 97-ից սկսած կարգավորման բոլոր պլանները` մեղադրելով, որ Լեւոնի առաջարկածով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու ավելի լավ դիրքերից հարձակում գործելու Արցախի ու Հայաստանի վրա: Այսինքն ի՞նչ, ստացվում է, որ անվտանգության գոտին Ադրբեջանին զիջելը շատ ավելի անվտանգ զբաղմունք էր, քան թղթի կտորի վրա գրվածը փոփոխե՞լը։ Հիմա ո՞վ է խոսում իրատեսությունից:
Ես հեռու եմ այն մտքից, որ «լեւոնականության մահը» ազդարարողները այս ամենը չեն հասկանում: Հասկանում են, իհարկե: Այդ դեպքում ո՞րն է «սպանության» դրդապատճառը: Թույլ տվեք կարծիք ունենալ, որ խնդիրը «լեւոնականության» ծանր բեռից ազատվելն է, ուրիշ ոչինչ:
Տեր-Պետրոսյանի գաղափարների կուլմինացիան եւ ողջ իմաստը ամփոփելով Արցախյան հարցի 1997-ի տարբերակի անհաջողության մեջ, այլեւս կարելի է փորձել գաղափարական այդ դպրոցը փակված համարել եւ հանգիստ լծվել ցանկացած այլ բանի` դաշնակիզմից սկսած մինչեւ բոլշեւիզմ՝ ըստ ճաշակի եւ նախասիրությունների:
Այս ամենի համատեքստում կուզեի անդրադառնալ մի հանգամանքի եւս: Պնդումներին, թե Տեր-Պետրոսյանի կողմից «ազգակործան պատուհաս» եզրույթից դուրս հնչեցված մյուս հարյուրավոր թեզերին ու գաղափարներին հղում անելը ոչ այլ ինչ է, քան լատենտ նիկոլիզմ, կպատասխանեմ երկու կետով։
1.Ես Հայկ Հովյանն եմ… քաղաքական տարատեսակ խմբակներին հարելու հավակնություններ չունեմ, եթերագլխությամբ զբաղվելու հավակնություններ չունեմ, ոչ-մեկի բարեհաճությունը կամ լոյալությունը վայելելու հավակնություններ չունեմ: Ես հավակնություններ ունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում ապրելու եւ այո՛, ունեմ համոզմունք, որ դա հնարավոր է միայն հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հասնելու արդյունքում:
2.Ես գաղափարական, արժեքային եւ էսթետիկական որեւէ ընդհանրություն չունեմ ո՛չ գործող եւ ո՛չ էլ նախորդ իշխանությունների հետ, բայց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համատեքստում պատրաստ եմ լսել եւ ըմբռնելի լինելու դեպքում աջակցել բոլորին էլ։ Թող ՀԱԿ-ն ու մյուսները ներկայացնեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման իրենց ավելի լավ տարբերակները, թող բացատրեն, թե այդ ինչպես են Ալիեւին ստիպելու գնալ կարգավորման առավել ընդունելի պայմաններով, ես միայն ուրախ կլինեմ այդպիսի տարբերակների գոյության համար։
Բայց առավոտից երեկո ասել՝ «սրան հանենք, հետո կտենանք էլի ինչ կարելի է անել»-ը լուրջ չէ, առավել եւս, որ 5 տարի առաջ այդ նույն մարդիկ նույն բառերը հնչեցնում էին Սերժ Սարգսյանի մասին՝ վերջինիս հրաժարականը համարելով բոլոր աղետների միակ դարման։
Եվ ի վերջո, որքան ողջամիտ է պնդել, որ լեւոնականությունն արդեն ժամանակավրեպ է, բայց սպասել հանրության կողմից աջակցության։
Հայկ Հովյան