Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել երկրի զինված ուժերի կանոնակարգում, ըստ որի՝ զինվորականներին թույլատրվում է «հրազեն, հատուկ միջոցներ, ռազմական եւ հատուկ տեխնիկա կիրառել քաղաքացիների դեմ՝ հանձնարարված խնդիրները կատարելու ընթացքում»:
Փաստաթղթում քաղաքացիների դեմ զենքի օգտագործումը թույլատրելի է համարվում նույնիսկ վարչական իրավախախտումների հայտնաբերման ժամանակ։
Լուկաշենկոյի կողմից հաստատված փոփոխությունների տեքստում նաեւ ասվում է, որ զինծառայողը «պատասխանատու չէ կրակոցից պատճառված վնասի համար», եթե այն «կատարվել է համաբանակային կանոնադրության պահանջներին համապատասխան»։
Ավելի վաղ Բելառուսի նախագահը ստորագրել էր «Պետական անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին համանման օրինագիծը, որով թույլատրվում էր քաղաքացիական անձանց դեմ զենք կիրառել «զինված դիմադրության, զինված կամ խմբակային հարձակման կամ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող այլ գործողությունների դեպքում»։