Ստամբուլի Արդարադատության պալատի ուղղությամբ փետրվարի 6-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է մեկ ոստիկան, վիրավորվել՝ 2-ը։ Վիրավորներ կան նաեւ քաղաքացիական անձանց շրջանում, որոնց թիվը հասնում է 4-ի։
Թուրքիայի Ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտնել է, որ Ստամբուլի Չաղլայան թաղամասում գտնվող Արդարադատության պալատի շենքի մուտքի մոտ ահաբեկչական հարձակումը իրականացրել են «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (ՀԱԱԿՃ) երկու անդամներ՝ մեկ կին եւ մեկ տղամարդ։ Նրանք սպանվել են։
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն էլ լրագրողներին ասել է, որ սկսված հետաքննության շրջանակներում ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 30 մարդու։
Հմացանցում տարածված տեսանյութերում հստակ երեւում է, թե ինչպես են զինված ահաբեկիչները մոտենում Արդարադատության պալատի մոտ տեղակայված ոստիկանական անցակետին եւ կրակ բացում ոստիկանների ուղղությամբ։
ՀԱԱԿՃ -ը Թուրքիայում արգելված ձախ ծայրահեղ հայացքներ ունեցող կուսակցություն է, որն ակտիվ է 1994 թվականից: Այն ներգրավված է անվտանգության ուժերի տասնյակ սպանությունների եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների մեջ։
Տեղի ունեցածին ավելի ուշ արձագանքել էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը, ով այսօր ուղեւորվել էր Ղահրամանմարաշ՝ նախօրդ տարի 53 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի սգո օրվա հետ կապված արարողություններին մասնակցելու նպատակով։
«Երկու ահաբեկիչներ՝ մեկ կին եւ մեկ տղամարդ, ոչնչացվել են մեր ոստիկանների կողմից նախքան իրենց սարսափելի նպատակներին հասնելը։ Թուրքիան վճռականորեն ու առանց խտրականության շարունակելու է պայքարել բոլոր ահաբեկչական կազմակերպությունների եւ նրանց աջակիցների դեմ»,-հայտարարել էր Թուրքիայի նախագահը։