Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ԱՄՆ-ին հայտնել է իր դիրքորոշումը առ այն, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի քանի դեռ չի ստեղծվել անկախ Պաղեստին պետությունը եւ Գազայում չի դադարել Իսրայելի ռազմական «ագրեսիան»։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարությունը հաջորդում է փետրվարի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Բեն Սալմանի Ռիադում կայացած հանդիպմանը, ինչպես նաեւ Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբիի հնչեցրած այն հայտարարությանը, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սաուդյան Արաբիայից եւ Իսրայելից դրական արձագանք է ստացել հարաբերությունների կարգավորման քննարկումները շարունակելու վերաբերյալ։
Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու որպես հստակ նախապայման ընդգծվում է 1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության ճանաչումը եւ Գազայի տարածքից իսրայելական բանակի լիակատար դուրսբերումը։
«Թագավորությունը իր հաստատակամ դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ վարչակազմին, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի, քանի դեռ չի ճանաչվել Պաղեստին պետությունը 1967 թվականի սահամաններով, իսկ Արեւելյան Երուսաղեմը որպես նրա մայրաքաղաք, եւ քանի դեռ Գազայի հատվածում Իսրայելը չի դադարեցրել իր ռազմական ագրեսիան ու իսրայելական օկուպացիոն ուժերը դուրս չեն բերվել Գազայի հատվածից»,-նշված է հայտարարության տեքստում։
Հայտարարության եզրափակիչ հատվածում Պաղեստին պետությունը չճանաչած ՄԱԿ-ի բոլոր երկրներին կոչ է արվում արագացնել այդ գործընթացը՝ պաղեստինցի ժողովրդի օրինական իրավուքները ստանալու համար։
Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կարգավորելու եւ դրանք պաշտոնապես ամրագրելու գաղափարը քննարկվում է դեռեւս 2020 թվականից։ Այն առաջ էր քաշվել այսպես կոչված «Աբրահամաի համաձայանգրից» հետո, որով ԱՄՆ-ի միջնորդությամբ կարգավորվել էին մի կողմից Իսրայելի, մյուս կողմից Արաբական Միացիալ Էմիրությունների, Բահրեյնի եւ Մարոկկոյի հարաբերությունները։