Ադրբեջանում լրագրողներին արգելվել է լուսաբանել մի քանի ընտրատեղամասերում ընթացող արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնում են Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan.Tv-ն, «Turan» գործակալությունը եւ իրավապաշտպան Ալասգար Մամմադլին։
«Այսօր որոշ ընտրատեղամասերում լրագրողներին խոչընդոտել են նկարահանումներ կատարել, նրանց ասել են, որ «առանց ԶԼՄ-ների ռեգիստրում գրանցված լինելու չեն կարող տեսագրություններ կատարել։ Սա բացարձակապես անօրինական պահվածք է»,-գրել է Մամմադլին իր Facebook-յան էջում` հավելելով, որ Ադրբեջանում ընտրություններին ԶԼՄ-ների մասնակցությունը կարգավորվում է Ընտրական օրենսգրքի 40.8-րդ եւ 43-րդ հոդվածներով, որոնք լուսաբանման իրավունքը տալիս են բոլոր լրատվականներին։
«Բացի այդ, ընտրություններում հիմնական սկզբունքը թափանցիկությունն ու հրապարակայնությունն է: Այսինքն՝ ընտրությունները գաղտնի կամ թաքուն գործընթացներ չեն, որպեսզի լրագրողներին թույլ չտան լուսաբանել դրանց ընթացքը»,-գրել է ադրբեջանցի իրավապաշտպանը եւ հավելել, որ չնայած ԶԼՄ-ների մասին նոր սահմանափակող օրենքի առկայությանը, իր դեմ գործունեության կասեցման մասին դատարանի որոշում չունեցող լրագրողին չպետք է արգելվի մուտք գործել եւ նկարահանել ընտրատեղամասը։
Հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան «Turan» գործակալությանը Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պատասխանել էին, թե` «լրատվամիջոցներն ընտրություններում գործում են ազատ»։
«Լրագրողները, ովքեր ներկայացնում են իրենց մամուլի քարտերը, ազատ են իրենց աշխատանքում։ Նրանք երբեմն չեն ներկայացնում իրենց մամուլի քարտերը, հետեւաբար հանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարող հասկանալ թե ովքեր են նրանք, ինչի պատճառով թյուրիմացություններ են առաջանում»,-ասել են Ադրբեջանի ԿԸՀ-ից։