Դեռեւս շատ անելիք կա ՀԱՄԱՍ-ի պատանդառած անձանց ազատ արձակելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
«Հուսով ենք, որ կկարողանանք վերսկսել պատանդների ազատ արձակման գործընթացը, որն ընդհատվել էր ամիսներ առաջ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նախագահ Հերցոգն էլ իր հերթին ավելացրել էր, որ Իսրայելում ցանկանում են որքան հնարավոր է շուտ տեսնեն պատանդների ազատումը, եւ որ «ՀԱՄԱՍ-ն այս առումով խախտում է մարդկային վարքագծի յուրաքանչյուր կանոն»։
Հերցոգը նաեւ ընդգծել է, որ Իսրայելը հետեւում է միջազգային մարդասիրական իրավունքին եւ նպաստում է օգնության մուտքին դեպի Գազա, հարց, որի շուրջ Բայդենի վարչակազմը այնքան էլ համաձայն չէ Իսրայելի հետ:
Բլինկենը Գազայում խաղաղ բնակիչների մահվան եւ տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին՝ նշելով․ «Կան այնքան անմեղ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ովքեր տառապում են ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումների հետեւանքով եւ այժմ հայտնվել են նրանց խաչաձեւ կրակի տակ»։
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ լավատեսական գնահատականներ է հնչեցրել Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, չնայած որ Ալ-Ռիադը այսօր առավոտյան հերքել էր նման հնարավրությունը մինչեւ Պաղեստին պետության ստեղծումը։
«Ես դա լսել եմ, ներառյալ Սաուդյան Արաբիայում, ինչպես նաեւ այլ վայրերում՝ Եգիպտոսում եւ Կատարում, եւ հավատում եմ, որ կա շատ դրական, հզոր ապագա, որն իսկապես հնարավոր է դարձնում տարածաշրջանին Իսրայելի ինտեգրումը»,-ասել է Բլինկենը։