Ադրբեջանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից առաջ Ալիեւին առաջին շնորհավորանքները ուղղել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ հրապարակումից հետո հետևել էին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ցզինպինի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի, Տաջիկստանի նախագահ Էմամոլի Ռահմանովի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքները։
Ներկայացված շնորհավորանքներից թերեւս իր բովանդակությամբ առանձնանում է Էրդողանի ուղերձի տեքստը։
Իր եւ թուրք ժողովրդի անունից շնորհավորանքներ ուղղելով Էրդողանը մասնավորապես նշել է․ «Մենք միշտ հպարտացել ենք այն զարգացմամբ, որին հասել է Ադրբեջանը Ձերդ Գերազանցության հաջող ղեկավարության ներքո իր վստահ քայլերի, օկուպացիայից իր բոլոր հողերի ազատագրման եւ միջազգային ասպարեզում նրա անընդհատ աճող հեղինակության շնորհիվ։ «Միասին ուրախության եւ տխրության մեջ» եւ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսների հիման վրա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորված եղբայրական կապերն ու համերաշխությունը Շուշիի հռչակագրի շնորհիվ կշարունակեն ամուր հիմքեր լինել մեր հարաբերությունների համար»։
Ըստ Թուրքիայի նախագահի ադրբեջանցիների կողմից Ալիեւին ընտրելու հանգամանքը «մեծ ձեռքբերում» է թե՛ թուրք-ադրբեջանական հարաբերությունների, եւ թե՛ տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով։
«Ընտրություններում ձեր հաջողությունից հետո հուսով եմ, որ որպես հաղթանակած առաջնորդ, Հայաստանի հետ բանակցությունները, որոնց վրա դուք մեծ աշխատանք եք կատարել, կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-ասվում է Էրդողանի ուղերձում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններից հետո երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեաթերթիկների 93,4% -ի հաշվարկից հետո առաջատարը գործող նախագահ Իլհամ Ալիեւն է։ Նա ստացել է ընտրողների 92,05%-ի կամ 4 285 625 քաղաքցու քվեն։