Հայաստանի հյուսիսի ամենահյուսիսում՝ Աշոցքում տարվա ութ ամիսը ձմեռ է:
Որ ծովի մակերեւույթից 2040 մետր բարձրության վրա տեղակայված Աշոցք համայնքի Վարդաղբյուր գյուղ տեղաբնակներից բացի այլ մարդ մտնի, այն էլ ներդրում անելու նպատակով, չլսված բան էր:
2021 թվականից Վարդաղբյուրցիները անսովոր շարժ են նկատում գյուղում: Խոսակցությունն արագ տարածվում է, որ արտասահմանից եկած մի հայ՝ Արտուշ անունով, հյուրատուն է հիմնում:
Արտուշ Եղիազարյանի համար անսովոր ու ռիսկային բիզնես գաղափար իրականացնելը նոր բան չէր: Նախատիպը Գյումրու «Մեղր ու բույս» թեյարանի հիմնումն էր: Գործարարը հիշում է, երբ մեկ տասնամյակ առաջ թողեց Շվեյցարիայի հարմարավետ կյանքն ու եկավ Գյումրի, հիմնեց իր տեսակի մեջ եզակի «Մեղր ու բույս»-ը, մտերիմների մեծամասնությունը թերհավատ էին: Ասում էին՝ չի հաջողի, ներդրումը գոնե մայրաքաղաքում անի:
«Բիզնեսը պետք է հիմնել այնտեղ, որտեղ թերի է զարգացած կամ ընդհանրապես զարգացած չէ: Երբ համայնքում ոչինչ չկա, չկան նաեւ մրցակիցներ, շուկան ամբողջովին քոնն է,-ասում է գործարարն ու կիսվում հաջողության բանաձեւով,- տեսնել ու սիրել սեփական երկրի հարստությունը, վերլուծել ու ռեալիզացնել»:
Հեռավոր ու աշխարհից կտրված Վարդաղբյուրում հյուրանոցառեստորանային համալիր բացելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ արտասահմանցի ընկերների հետ Աշոցքի սարերում զբոսանքի էին գնացել: «Երբ տեսա բնական հսկայական ռեսուրսները՝ ալպիական գոտու բուսականությունը, հանքային ջրերի առատությունը, տեսա նաեւ, որ այդ հարստությունից ոչ ոք չի օգտվում, մտածեցի, որ այստեղ մի բան այն չէ»,-պատմում է Արտուշ Եղիազարյանը:
Վարդաղբյուրցի գործազուրկ մի ընտանիքի Արտուշը համագործակցության առաջարկ է անում: Ընտանիքը բուժիչ բույսեր ու ծաղիկներ է հավաքում, «Մեղր ու բույս»-ին մատակարարում:
Այցերի ընթացքում, երբ Եղիազարյանը բացահայտում է, որ տարածքում չկա մի տեղ, որ զբոսաշրջիկը հանգստանա, սնվի, ցանկության դեպքում էլ գիշերի, որոշում է բողոքելու փոխարեն լուծել խնդիրը:
Վարդաղբյուրում 90-ական թվականների սկզբին կառուցված, չբնակեցված մի շինություն է գնում, մեծացնում, երկրորդ հարկ է ավելացնում, տարածքը բարեկարգում եւ այս տարվա սկզբից գործարկման է հանձնում նոր՝ եւս մեկ «Մեղր ու բույս», այս անգամ ոչ թե թեյարան, այլ ընդարձակ՝ ութ սենյակներից բաղկացած, կոնֆերանս դահլիճով հյուրատուն:
Նախաձեռնությունը կյանքի կոչելուն գործարարին օգնում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագիրը:
«Երբ գնել էինք անմխիթար վիճակում գտնվող շինությունը, գյուղում զարմացած էին, հարցնում էին, թե ինչո՞ւ եմ եկել, ինչո՞ւ եմ ներդրում անում մի գյուղում, որտեղից իրենք են ուզում գնալ: Այսօր արդեն, նախաձեռնության շնորհիվ վարդաղբյուրցին էլ գիտակցեց, որ իր գյուղը վատը չէ. ճիշտ հակառակը՝ բնական հարստության կենտրոն է, որտեղից արտագաղթելու ցանկություն չունի,- ասում է գործարարն ու կարեւոր շեշտադրում անում,- այստեղ մեծ է տեղական իշխանության դերը, նրանք պետք է միջավայր ստեղծեն, միջոցառումներ անեն, լուսավոր ու բարեկարգ ճանապարհով, հանրային տրանսպորտով ապահովեն մարդկանց: Գործարար-իշխանություն համագործակցության գլխավոր շահառուն բնակիչն է»:
Նախաձեռնության շնորհիվ գյուղում ստեղծվել է 15 աշխատատեղ: Տեղացիները կվաստակեն սեփական գյուղում, կվերապատրաստվեն, կմասնագիտանան, ցանկության դեպքում էլ աշխատողից կդառնան գործընկեր. տնօրինությունը խրախուսում է, որ նրանք հիմնեն սեփական փոքր բիզնեսներ՝ դառնալով կազմակերպության մշտական մատակարարաներ:
Հասարակական, պետական, կրթական կառույցներն էլ դասընթացներ, գիտաժողովներ անելու համար Ծաղկաձորի եւ Աղվերանի այլընտրանք ունեն. Վարդաղբյուրում գործում է հիսուն մասնակցի համար նախատեսված, ժամանակակից լուծումներով կոնֆերանս դահլիճ:
«Ճիշտ ու երկարաժամկետ տեսլականով աշխատելու, ներդրումներ անելու մեջ է մեր երկրի զարգացման բանալին,-ասում է Արտուշ Եղիազարյանը,-ինչո՞ւ Գյումրու տուրիստական բումը մարեց. նորարարություն չարեցինք, ուշադրություններս սեւեռեցինք միայն տուրիստին՝ անտեսելով քաղաքի բնակչին: Երկիր զարգացնելու, բիզնես անելու համար պետք է նախ վճարունակ դարձնել քաղաքացուն, այլապես կունենանք այն, ինչ ունենք. ռուսները գնացին, մենք նորից մնացինք մեր անվճարունակ քաղաքացու հետ մենակ,-ասում է եւրոպական փորձով թրծված գործածարն ու դեղատոմս առաջարկում,-մենք կզարգանանք միայն այն դեպքում, երբ ներգաղթ ունենանք»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։