Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը կախված է Գազայի հատվածում շարունակվող պատերազմի ավարտից եւ հակամարտության երկու պետությունների լուծման ճանապարհով գնալու Իսրայելի պատրաստակամությունից։ Այս մասին Թել Ավիվում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ներկայացնելով փետրվարի 5-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի եւ թագաժառանգ Մուհամմադ Բեն Սալման ալ-Սուդի հետ հանդիպման որոշ մանրամասներ պետքարտուղարը ասել է․ «Օրեր առաջ, երբ Սաուդյան Արաբիայում հանդիպեցի թագաժառանգի հետ, նա ինձ վերահաստատեց հարաբերությունները կարգավորելու իր ցանկությունն ու վճռականությունը»։
Բլինկենը ընդգծել է, որ Բեն Սալմանը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայմաններ նշել է «Գազայում հանգստության ապահովումը» եւ դեպի Պաղեստին պետության ստեղծմանը տանող «հստակ եւ վստահելի ճնապարհի» ուրվագծումը։
ԱՄՆ պետքարտուղարի նման հայտարարությունը հաջորդում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորուման մասին Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության փետրվարի 6-ի հայտարարությանը, որտեղ գերատեսչությունը հստակ ընդգծել էր, որ նման գործընթացը հնարավոր կարող է դառնալ միայն Գազայում ռազմական գործողությունների դադարեցումից, Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումից եւ 1967 թվականի սահմաններով ու Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության ճանաչումից հետո։
Էնթոնի Բլինկենը այս հայտարարությունը չի մեկնաբանել, որը տարածվել էր Ալ-Ռիադ կատարած այցից հետո։ Սակայն ԱՄՆ պետքարտուղարը լավատեսորեն նշել է, որ «տարածաշրջանի երկրներում պատրաստակամ են Իսրայելի հետ, եւ Իսրայելի համար անել այն ամենը, ինչին մի քանի տարի առաջ պատրաստ չէին՝ ներառալ այնպիսի քայլեր, որոնք հետագայում ունակ կլինեն լուծել նաեւ անվտանգության հետ կապված ցանկացած մտահոգություն»։