Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններն անցել են քաղաքական այլընտրանքի բացակայության պայմաններում, իսկ կանայք քիչ են ներկայացված երկրի քաղաքական կյանքում։
Նման եզրակացություններ հնչեցրել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ընտրություններն անցել են սահմանափակումներով, եւ չնայած լավ կազմակերպված էին, բայց քաղաքական այլընտրանք չկար»,- ասել է առաքելության հատուկ համակարգող Արթուր Գերասիմովը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը «հաշվի չի առել ավելի վաղ ստացված առաջարկությունները՝ ազգային օրենսդրությունը ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին մոտեցնելու վերաբերյալ»։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դանիելա Դե Ռիդերն էլ նշել էր, որ ընտրությունների օրը «քվեարկության գաղտնիության հարցում դիտորդները նկատել են զգալի թերություններ՝ մասնավորապես կրկնակի քվեարկության եւ զանգվածային լցոնումների դեպքեր»։
«Լրատվամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակող օրենքները, ինչպես նաեւ քննադատող լրագրողների վերջին ձերբակալությունները խոչընդոտել են լրատվամիջոցների ազատ գործունեությանը եւ հանգեցրել համատարած ինքնագրաքննության՝ սահմանափակելով անկախ լրագրության եւ քննադատական բանավեճերի շրջանակը»,-հավելել է Ռիդերը:
«Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի» առաքելության ղեկավար Յոգան Մրֆին ի հավելումն գործընկերներին նշել էր, որ երկրի համար նման կարեւոր ընտրությունների ընթացքում որեւէ այլ թեկնածու գործող նախագահ Իլհամ Ալիեւին իրական մարտահրավեր չի նետել, իսկ որոշ ընդդիմադիր կուսակցություններ ընդհանրապես հրաժարվել էին մասնակցությունից՝ պատճառաբանելով ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ ժողովրդավարական չափանիշների բացակայությունը։
Ասուլիսի ընթացքում Համատեղ առաքելության ներկայացուցիչները նաեւ շեշտել էին, որ ընտրական հանձնաժողովների կազմը քաղաքականապես հավասարակշռված չի եղել, եւ տեղի են ունեցել ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության իրավունքների հստակ խախտումներ։
Ռիդերի խոսքերով լուրջ խախտումները արձանագրվել էին քվեարկության եւ ձայների հաշվարկի ժամանակ։
«Այն պնդումները, թե Արեւմուտքը ճնշում է գործադրել դիտորդների վրա՝ Ադրբեջանին քննադատելու համար, անհեթեթություն է։ Բոլոր եզրակացությունները օբյեկտիվ են»,-ընդգծել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարը։