Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանքներ է հղել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Այս մասին Միշելը հայտնել է X սոցցանցում կատարած գրառման միջոցով՝ նշելով, որ ընդգծվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հետ համագործակցության կարեւորությունը։
Նշենք, որ փետրվարի 8-ին Բաքվում անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում ԵԱՀԿ դիտորդները հայտարարել էին ընտրությունների ընթացքում հայտնաբերած լուրջ խախտումների մասին։
Միշելը նաեւ ավելացրել է, որ Ալիեւի հետ զրույցի ընթացքում քննարկել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
«Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»,-ասվում է Եվրամիության խորհրդի նախագահի գրառման մեջ։
Քննարկման մյուս թեմաները վերաբերվել են ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին եւ համագործակցությանը։