Ձմեռվա բուքին, սառնամանիքին Արտավանի դպրոցի ճամփան դժվար է, երկար՝ հատկապես այլ բնակավայրերից այնտեղ գնացող ուսուցիչների համար: Վայոց ձորի փոքրիկ այս գյուղին ամենամոտ բնակավայրը Վայք համայնքն է, որի կազմում գտնվում է գյուղը: Քաղաքից հեռավորությունը մոտ 18 կիլոմետր է, Զառիթափ գյուղն էլ 20 կիլոմետր է հեռու:
Վայքից չորս ուսուցիչ ամեն օր Արտավան է գնում՝ դասավանդելու, երբեմն էլ ճանապարհի կեսից հետ գնում՝ ձյան պատճառով: Դասապրոցեսը ապահովում են մյուս ինն ուսուցիչները, որոնք գյուղից են: Քննարկումներ են սկսվել դպրոցը 1-2 տարուց փակելու մասին՝ քիչ աշակերտ լինելու պատճառով:
Ձմռան ամիսներին, երբ գյուղ տանող ճանապարհին ձյան բարձրությունը մետրից ավելի կարող է լինել, գյուղացիները հաճախ գործերը հետաձգում են, որ ձորի բերանով ու լեռների միջով ճանապարհը բքին չանցնեն: Հիմա զարմանում են՝ երեխաներն ինչպե՞ս են այլ բնակավայրի դպրոց գնալու:
Դպրոցի ուսուցչուհի եւ գրադարանավար Անահիտ Սարգսյանը նշում է՝ դպրոցը որ փակվի, գյուղն էլ կարճ ժամանակում կդատարկվի: Եթե այդ գաղափարի հետեւում կանգնած մարդիկ մի անգամ Արտավան գնան, շփվեն մարդկանց հետ, կհամոզվեն, որ դա անելու բան չէ:
«Մեր խնդիրը ո՞րն է, որ սիրում ենք մեր գյուղն ու ուզում ենք այստեղ ապրել: Գյուղում համարյա երեսուն երիտասարդ ունենք, որ ամուսնանալու տարիքում են: Ուզում են այստեղ ընտանիք կազմել, մնալ: Բայց որ դպրոցը փակվի, ինչպե՞ս մնան: Իմ տղան էլ երիտասարդ է, չի ուզում գյուղից գնալու մասին մտածել, բայց այսպես որ շարունակվի, ի՞նչ պիտի անի»,-ասում է ուսուցիչը:
Արտավանը հայտնի է աշխարհի քարտեզի տեսքն ունեցող լճով: Ամեն անկյունից մարդիկ գալիս են, մնում գյուղի հյուրատներում: Էկոմիջանցքը, որն անցնում է նաեւ Արտավանով, սկիզբ է առնում Խոսրովի պետական արգելոցից, ձգվում մինչեւ Մեղրի: Արտավանցիներն ասում են՝ իրենք, որ այդ բնության մեջ ապրելու հնարավորություն ունեն, ի՞նչ սրտով գնան:
Գյուղը նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվելու լավ պայմաններ ունի. խմելու եւ ոռոգման ջրի խնդիր էլ չկա: Արցախցիների բռնի տեղահանումից հետո էլ հեռավոր գյուղում արցախցի մի ընտանիք է հաստատվել` հինգ երեխայով: Բնակիչներից շատերն անասնապահությամբ, մեղվաբուծությամբ են զբաղվում, մի քանի ընտանիք էլ հյուրատուն է բացել: Նրանցից մեկը «Զարթոնք» հյուրատան հիմնադիր Դուստրիկ Գալստյանն է, որը նաեւ Արտավանի դպրոցի մանկավարժ է:
Ուսուցչի տղան վերջերս է ամուսնացել, գյուղում են ապրում: «Երիտասարդները սկսել են կապվել գյուղին, նոր նախաձեռնություններ են սկսում, գործեր ձեռնարկում: Բայց եթե դպրոցը փակվի, վաղը-մյուս օրը երեխայի ուսման հարց առաջանա, տեղափոխվելու են: Մենք էլ մեր տարիների ստեղծածը ստիպված կվաճառենք, կգնանք, որ երեխաների կրթության հարցը լուծենք»:
Գաղափարի հեղինակները հիմնավորում են, որ նպատակը աշակերտի շահն է ու նրան որակյալ կրթությամբ ապահովելը: Արտավանցիները համաձսայն չեն, որ իրենց դպրոցի աշակերտը որեւէ գիտելիքով զիջում է մեծ դպրոցների աշակերտներին:
Մանկավարժներն էլ Արտավանի դպրոցում տարիներ շարունակ ցածր են վարձատրվել. դասաժամի 45 րոպեի համար 22.5 րոպեի հաշվարկով են հաշվել աշխատավարձը՝ հիմնավորելով, թե դասասենյակում աշակերտների թիվը փոքր է: Ուսուցիչները հարցնում են՝ իրենց ստացած կրթությունը մանկավարժի չէ՞, երեխաներին նույն բա՞նը չեն սովորեցնում։ Բայց համակերպվել են, աշխատել. հակառակ դեպքում ընտրությունը մեկն է եղել՝ սպիտատկ թղթի վրա կապույտ գրիչով դիմում:
Դպրոցի 28 աշակերտենրից երկուսը Ռուզաննա Խաչատրյանի երեխաներն են: Իր մյուս երեխան էլ երկու տարուց կընդունվի դպրոց: Ընտանիքը սպասում է չորրորդ երեխային՝ հույսով, որ կապրեն Արտավանում:
«Մեր ընտանիքի, երեխաների ապագան այստեղ ենք պատկերացնում: Վերջերս ենք տունը գնել, աշխատում ենք, ստեղծում ենք: Եթե դպրոցը փակվի, այլ ընտրություն չի մնա, քան տեղափոխվելու մասին մտածելը, բայց հույս ունենք՝ բանը դրան չի հասնի»,- ասում է Ռուզաննան:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: