Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկուն Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար նշանակելու մասին։
«Ես երախտապարտ եմ գեներալ Զալուժնիին երկու տարվա պաշտպանության համար։ Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր հաղթանակի համար, որը մենք ձեռք ենք բերել միասին եւ ի շնորհիվ բոլոր ուկրաինացի զինվորների։ Այսօր բաց խոսել ենք այն մասին, որ բանակը փոփոխությունների կարիք ունի։ Հրատապ փոփոխությունների։ Ես գեներալ-գնդապետ Սիրսկուն նշանակել եմ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար»,-ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Ուկրաինայի նախագահի խոսքերից հետեւում է, որ նա Սիրսկուն համարում է «ուկրաինացի ամենափորձառու հրամանատարը»։
«Պաշտպանության հաջող փորձ ունի, վարել է Կիեւի պաշտպանական գործողությունը։ Ունի նաեւ հարձակման վարման լավ փորձ ՝ Խարկովի ազատագրման գործողությունը»,-հավելել է Զելենսկին։
Բացատրելով երկրի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի պաշտոնանկության պատճառները՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ պատերազմում նախորդ տարի բանակը չի կարողացել հաջողության հասնել «գետնի վրա»։
«Այս պատերազմի երկրորդ տարում մենք հաղթեցինք Սեւ ծովում, հաղթեցինք ձմռանը, ապացուցեցինք, որ կարող ենք վերականգնել ուկրաինական երկնքի վերահսկողությունը։ Բայց, ցավոք, գետնի վրա չկարողացանք հասնել մեր պետության նպատակներին։ Անկեղծորեն պետք է ասենք․հենց հարավային ուղղություններում լճացման զգացումը եւ Դոնեցկի շրջանի մարտերում առկա դժվարությունները ազդեցին հասարակության տրամադրությունների վրա։ Ուկրաինացիները սկսեցին ավելի հազվադեպ խոսել հաղթանակի մասին»,-ասել է նախագահ Զելենսկին։
Փետրվարի 8-ին ավելի վաղ նախագահը իր տելեգրամյան ալիքում գրել էր նախկին գլխավոր հարամանատար Զալուժնիի հետ հանդիպման մասին։ Հանդիպումից հետո ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Զալուժնին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն տեղեկությունների պաշտոնական հաստատում չէր եղել։ Ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ գեներալը ուղղակիորեն չէին հայտարարել վերջինիս պաշտոնանկության մասին ամիսներ շարունակ շրջանառվող տեղեկությունները։