Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն դատապարտում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ հնչեցրած ելույթը։
«Այդ ելույթը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը փորձ է օգտագործել այդ կառույցներն իր անհիմն պնդումների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության եւ միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության համար»,-ասել է Հաջիզադեն, ում խոսքերը մեջբերում է APA գործակալությունը։
Նախօրեին Արարատ Միրզոյանը ՄՔԴ-ում հնչեցրած ելույթի ընթացքում հիշեցրել էր, որ Արցախում տեղի էին ունեցել էթնիկ զտումներ, իսկ Հայաստանը վավերացրել էր Հռոմի ստատուտը հավատալով, որ այն մեծ ուժ ունի հետագա ոճրագործությունները կանխելու եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղենիշ դառնալու համար։
«ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ եւ անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաեւ պատերազմ, ատելություն եւ ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրության: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները եւ մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետեւանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետեւանքներ եւ շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան եւ ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության եւ կայուն խաղաղության ուղենիշ», — ընդգծել էր Արարատ Միրզոյանը։