Նախագահի արտահերթ ընտրության քվեարկությունն Իլհամ Ալիեւը կատարեց օկուպացված Ստեփանակերտում, որտեղ «տեղամաս» էր բացվել ԼՂՀ Նախագահի նստավայրում:
Սեպտեմբերյան ահաբեկչական պատերազմից եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնատեղահանումից հետո Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Ալիեւը մենախոսեց, որ նախկինում այդ շենքը եղել է կուսակցության մարզկոմի աշխատավայր, որի բյուրոյի ինն անդամներից ութը հայեր էին:
Դա Բաքվի «հոգատարության» դրսեւորում չէր: 1923 թվականի հուլիսի 7-ին խորհրդային Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինը՝ Կենտգործկոմը, Ինքնավար Լեռնային Ղարաբաղ է հռչակել «Ղարաբաղի հայկական մասից»:
Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունն, այդպիսով, գոյություն է ունեցել որպես հայ-ադրբեջանական պետություն: Եւ ինքնավարության կուսակցական ու պետական կառույցներում, բնականաբար, մեծամասնություն էին հայերը: Ինքնավար Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի բնակչությունը պաշտոնապես ճանաչված էր «ազգային փոքրամասնություն»:
Հայաստանում այսօր խոսվում է նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունից: Ալիեւի փետրվարյան սրացումը, երբ նա ոտնահարեց իր երկրի սահմանադրությունը, ընտրական օրենսդրությունը եւ ընտանիքի ու բազմամարդ շքախմբի անդամների քվեարկությունը կազմակերպեց Ստեփանակերտում, խորհրդանշական ազդակ է, որ այլեւս «հայակական Լեռնային Ղարաբաղ չկա»: Նա փաստացի մերժեց Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքը:
«Բաքվում սպասում են Հայաստանի սահմանադրության սկզբունքային փոփոխությունների»,- փետրվարի 8-ին ձեւակերպել է «Թուրան» գործակալության քաղաքական մեկնաբանը: Իսկ Երեւանում ինչի՞ են սպասում: «Իրավական» միակ փաստաթուղթը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումն է: Եթե Հայաստանը «փոխում է սահմանադրությունը եւ հանում անկախության Հռչակագրին հղումը», ինչպես հասկացվում է ՔՊ քարոզչությունից, ապա Ադրբեջանն էլ պետք է իր սահմանադրության նախաբանը խմբագրի:
1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ-ն, որի իրավահաջորդն է անկախ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի կամ Ղարաբաղի հայկական մասի նկատմամբ ճանաչված իրավազորություն չի ունեցել: Ավելին, 1919 թվականի օգոստոսին ԱԴՀ կառավարությունը եւ Ղարաբաղի Հայոց ազգային խորհուրդը կնքել են համաձայնագիր, որով հայկական Ղարաբաղը «ժամանակավորապես, մինչեւ Փարիզի խաղաղության խորհրդաժողովի կողմից հարցի վերջնական լուծումը» իրեն ճանաչել է «Ադրբեջանի սահմաններում»:
Ինչի՞ ենք ականատես: Հայաստանի իշխող քաղաքական ուժը պատրաստ է հանրաքվեի դնել նոր սահմանադրության նախագիծը: Ովքե՞ր են այն մշակում՝ հայտնի չէ: Բայց դա «տեխնիկական» հարց է:
Ի՞նչ է ասում ընդդիմությունը, ո՞րն է նրա հայեցակարգը: Հայտարարել, թե իշխանությունը «կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվերը»՝ առանձնակի ջանք չի պահանջում: Ընդդիմության խնդիրն է՝ ստեղծել ռեսուրս եւ այն ծառայեցնել մի նպատակի: Այն է՝ եթե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը հակասում է միջազգային իրավունքին, ապա նույնը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին Ադր.ԽՍՀ Գերագույն խորհրդի 1991-ի նոյեմբերի 25-ի օրենքին:
Այս առումով միջազգային իրավունքին հակասում է Ադրբեջանի սահմանադրությունն առհասարակ, որովհետեւ հայ-ադրբեջանական պետությունից Բաքուն կերտել է ունիտար, զուտ ադրբեջանական տիտղոսի պետություն եւ դրան փաստացի հասել է ահաբեկչական պատերազմի եւ էթնիկ զտումների միջոցով:
Կունենա՞նք հանրայնորեն, ներքաղաքական կոնսենսուսով ձեւավորված այս հայեցակարգը՝ կհասնենք նախակոնֆլիկտային իրավա-քաղաքական ստատուս-քվոյի վերականգնմանը: Էսկալացիայի սպառնալիք, այո, կա: Բայց այն լինելու է միշտ:
Ալիեւի փետրվարյան սրացումը միայն հայկական Լեռնային Ղարաբաղը լուծարումն իրավական տեսքի բերելու ցույց չէ: Դա մարտահրավեր է Կովկասում հայ քաղաքական ինքնությանը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։