Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «Бабель» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ հունվարի 24-ին Բելգորոդի մոտ կործանված «Իլ-76» ինքնաթիռում ուկրաինացի ռազմագերիներ չեն եղել։
«Հստակ կարող եմ ասել, որ ինքնաթիռում ուկրաինացի ռազմագերիներ չեն եղել։ Ես սա ասում եմ՝ ելնելով Թեհրանից հետո մեր ունեցած փորձից եւ այն ամենից, ինչ տեղի ունեցավ հետո»,-ասել է Դանիլովը։
Նա նաեւ ենթադրություն է հայտնել, որ ինքնաթիռում իսկապես ռազմագերիների առկայության դեպքում ռուսական կողմը չէր դադարի զոհերի կադրերի հրապարակելը, մինչդեռ ակնհայտ է, որ ցուցադրելու որեւէ բան չունեն։
Դանիլովը հավելել է, որ ուկրաինական կողմը դեռեւս տեղեկություններ չունի այն մասին, թե արդյո՞ք ողջ են այն ռազմագերիները, որոնց փոխանակումը նախատեսված էր հունվարի 24-ին։
Հիշեցնենք, որ ռուսական «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել էր Բելգորոդի շրջանի Յաբլոնովո գյուղի մոտ։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ինքնաթիռում 65 ուկրաինացի ռազմագերի կար, որոնք տեղափոխվում էին փոխանակման նպատակով։ Ինքնաթիռի «խոցման» համար Մոսկվան մեղադրել էր ուկրաինացի զինվորականներին։
Ուկրաինայի իշխանությունները հաստատել էին, որ հունվարի 24-ին պատրաստվում էին գերիներ փոխանակել, սակայն պաշտոնական Կիեւը հստակ տեղեկություններ չի ունեցել ինքնաթիռում եղած ուկրաինացի ռազմագերիների իսկության վերաբերյալ։