2013 թվականի փետրվարի 9-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում խոստովանում է, որ ինքը մրցակցությունից դուրս է. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կողմ է Գառնի հեթանոսական տաճարի տարածքում ռեստորան բացելու գաղափարին. «Եթե մարդիկ մտնում են տարածք, մի ջուր խմելու հնարավորություն չունենա՞ն»:
Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գաղտնազերծել է HSBC-ի շվեյցարական մասնաճյուղի ավելի քան 60 հազար փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն շվեյցարական HSBC բանկում ունի հաշվեհամար 1 միլիոն 100 հազար դոլար գումարով: «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց հայրապետների անունով եւ որեւէ տարօրինակ ու զարհուրելի երեւույթ չկա դրանում, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում»,- ասում է կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեկ նախադասությամբ ոչնչացնում է 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի եզրակացությունը, ըստ որի ՀՀԿ-ական իշխանությունը կիրառել է աննախադեպ վարչական ռեսուրս: «Եթե ԿԸՀ-ն այդ հարցով վարույթներ չի հարուցել, ուրեմն ամեն ինչ կարգին է»,- հայտարարում է Տիգրան Մուկուչյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլից է տեղեկանում, որ ամբողջ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու համար: «Բոլորին խստագույնս զգուշացում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն» են լինելու»,- զգուշացնում է վարչապետն ու անցնում կառավարության քննարկելիք հաջորդ հարցին:
Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց ինքը չգիտի, թե ինչ է դա: «Դուք ինձ պետք է սովորեցնեք, թե ով է որոշում՝ ինչ է քաղբանտարկյալը»,- լրագրողներին ասում է նա:
Խորհրդային քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը դեմ է, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին պահի կալանքի տակ: «Բա որ պարզվի Քոչարյանը անմեղ է, մենք ինչ ենք անելու»,- հարցնում է նախկին քաղբանտարկյալը եւ Քոչարյանին հռչակում քաղբանտարկյալ. «Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական է, ճիշտ այնպես, ինչպես Պինոչետի գործը»:
Հայտնի է դառնում, որ ապրիլի 5-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի օրոք նշանակված ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելն է: «Շատ-շատ էժան գներով էսօրվանից կարող եք պատվիրել ավիատոմսեր, գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին եւ «այո» ասել հեղափոխությանը»,- ուղիղ եթերից արտերկրում գտնվող հայրենակիցներին է դիմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեւանցիներին զգուշացնում է այլեւս իրենց շենքերի խնդիրներով քաղաքապետարանին չանհանգստացնել: «Բնակելի շենքերի ներսի խնդիրը այդ շենքերի սեփականատերերի խնդիրն է՝ սկսած մուտքերից, վերջացրած տանիքներով, վերելակներով»,- ասում է Հայկ Մարությանը:
Ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանին առաջարկում է օրենքի նախագիծ, որով Հայաստանում կընդլայնվեն պետական դրոշի գործածման տարածքները: «Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ողջ ճանապարհին դրոշ չեմ տեսել»,- պարզաբանում է պարոն Վարդանյանը:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին զայրացրել է Թուրքիայի երկրաշարժի հետեւանքների հաղթահարմանը Հայաստանի ակտիվ մասնակցությունը: «Ամբողջ օրը դա է քննարկվում, թե ինչքան կարեւոր է պատերազմը տարբերել տարերային աղետից։ ԱԺ փոխնագահն էլ մտքերը լարեց ու ասաց. թե բա հերիք է ատելություն քարոզեք, դժբախտության վրա մի կռռացեք։ Թե բա չեք ասի, պատերազմի ու աղետի միջեւ ի՞նչ կապ կա։ Մի երկու ժամից Էրդողանը, առանց սեթեւեթանքների, հայտարարեց, ղարաբաղյան 2-րդ պատերազմում մենք Ադվրբեջանին ենք օգնել, հիմա էլ նրանք են մեզ օգնում»,- ասում է Հրանտ Բագրատյանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: