Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները։
Դրանց համաձայն՝ եթե վարորդը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների դեպքում roadpolice.am կայքով դիմում է ՃՈ՝ պահանջելով վարչական իրավախախտման գործով կայացված որոշումը ուղարկել իր նշած էլեկտրոնային հասցեին (այսինքն՝ միայն էլեկտրոնային եղանակով), ապա վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է ակտը, իսկ վարորդը տուգանքը վճարում է սահմանված գումարի 20 տոկոսի չափով պակաս։
Օրինակ` 10000 դրամ սահմանված տուգաքի դեպքում էլեկտրոնային եղանակով ծանուցվելիս վարորդը վճարելու է 8000 դրամ։
Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթեւեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70%-ը, մյուս մասը կհամարվի վճարված։
Իսկ եթե տուգանքների հետ կապված կուտակված պարտքեր կան, քաղաքացին ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%-ը վճարելու դեպքում պարտքը կարող է զրոյացնել։
ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն ասում է՝ օրենքի այս փոփոխության հիմնական նպատակն այն է, որ քաղաքացիներն օգտվեն թվային տեխնոլոգիաներից, բացի այդ՝ խրախուսվում են օրենքով սահմանված ժամկետում բարեխղճորեն տուգանքը վճարող վարորդները։
Մեր երկրում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, եւ այժմ, երբ թվային տեխնոլոգիաները զարգացած են, հնարավոր է խուսափել թղթային ծանուցումների համար տարեկան շուրջ 1,5 մլրդ գումար ծախսելուց: Ուստի եւ նախատեսվել է թվային լուծումների միջոցով լուծել այս խնդիրը։
Քանի որ մտավախություն կա, որ, գուցե, տուգանքի շեմերն իջեցելու դեպքում իրավախախտումներն ավելական, Ռուսլան Մարանդյանն ասում է՝ որպես զսպման մեխանիզմ՝ կարող է որոշակիորեն վերանայվել բալային համակարգը, որպեսզի այս արտոնությունը նոր խախտումների պատճառ չդառնա։
«Կառավարությունը նախագծերի այս փաթեթը համարել է անհետաձգելի, ուստի առաջիկա նիստերում այն կքննարկվի»,- վստահեցնում է Ռուսլան Մարանդյանը։
Վարորդ Քրիստինե Միրզոյանը ողջունելի է համարում այս նախագիծը, բայց մտավախություն ունի, որ ոմանք կդժվարանան, ոմանք էլ չեն կարողանա գաջեթներից օգտվել։ Օրինակ՝ Քրիստինեի հայրը, որ վարորդ է, իր օգնությանն է դիմելու էլեկտրոնային նամակ գրելիս կամ ստանալիս։ Ասում է՝ թեեւ տուգանքի չափի զեղչը դրական երեւույթ է, բայց, այդուամենայնիվ, պետք է առհասարակ վերանայել սահմանված տուգանքների չափերը եւ ամեն փոքր, ոչ էական խախտման համար չտուգանել վարորդներին։ Վարորդները որքան էլ ջանում են ուշադիր լինել, սահմանված խախտումների ու տուգանքների ցանկն այնքան մեծ է, որ ամեն օր մեքենա վարող վարորդների համար տուգանք վճարելուց զերծ մնալը չափազանց դժվար է։
Մեր մյուս զրուցակից վարորդ Արման Զոհրաբյանը հենց այս մասին է խոսում։ Ասում է՝ էլեկտրոնային եղանակով չի կարողանա դիմել roadpolice.am։ Պետք է սովորի էլեկտրոնային նամակ ուղարկել ու ստանալ կամ հարազատներից մեկին կխնդրի օգնել իրեն։ Բայց ամենամեծ խնդիրը դա չէ, տուգանքների չափն է։ Վարորդը հուսով է, որ մի օր էլ կվերանայվեն սահմանված տուգանքների չափերը։ Քիչ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար մեծ տուգանքներ վճարելը շատ դժվար է։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն էլ դրական քայլ է համարում այն, որ պետությունը որոշել է որոշակի ծախսեր կրճատել եւ միաժամանակ զեղչային համակարգ ստեղծել։
Պետք է մի բան հասկանալ․ ինչո՞ւ են մտածում, որ քաղաքացիները խախտումներ անեն, իրենք էլ շուտ ծանուցեն այդ խախտումների մասին ու զեղչեն տուգանքի չափը։
«Պետությունը պետք է այնպիսի գործիքակազմ ստեղծի, որ ոչ թե մարդկանց արագ ու մի քիչ ավելի էժան տուգանի, այլ հասկանա, թե ինչու են այդքան շատ խախտումները։ Այն ժամանակ ասվում էր, որ քաղաքացին չպետք է տուգանքի մատերիալ դառնա։ Վարչական մարմինը պետք է ուսումնասիրի՝ արդյո՞ք ճիշտ է, օրինակ, մարդկանց գիծ տրորելու համար տուգանել։ Հարկավոր է հասկանալ՝ ո՛ր խախտումները պետք է ավելի խստացնել, որոնք՝ ոչ»,- մանրամասնում է Տիգրան Քեյանը։
Այս նախագծով կա շատ բացասական մի երեւույթ․ խստացվելու է կանգառի եւ կայանման հետ կապված որոշակի խախտումների բալային գնահատման կարգը։ Դրա հետեւանքով վարորդներն ավելի ծանր իրավիճակում կհայտնվեն։ Այս խախտումների պատճառով կարող են վարորդի բալերն էականորեն նվազել, եւ ոմանք էլ ի վերջո կարող են զրկվել վարորդական իրավունքից։ Մարդիկ չպետք է այդքան շատ տուգանքներ ստանան։ Նա դրական քայլ կհամարեր, եթե պետությունը ձեռնարկեր քայլեր, որ որոշ փոքրիկ խախտումների համար մարդկանց չտուգանեն։
«Միջազգային պրակտիկայում նաեւ հարեւան Վրաստանում ոչ էական խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվում։ Օրինակ՝ մի փոքր ավելի շուտ խաչմերուկ մուտք գործելու, խաչմերուկի գիծը փոքր-ինչ տրորելու, մեքենան մի քիչ թեք կայանելու (այսինքն՝ երբ մեքենան ամբողջությամբ զուգահեռ չի կայանված), կամ մայթից մի քիչ հեռու կայանելու կամ նմանատիպ խախտումների համար վարորդները չեն տուգանվում»,- բացատրում է Քեյանը։
Զարգացած երկրներում խիստ տուգանքներ են սահմանված առանց ամրագոտի երթեւելու համար, մինչդեռ մեր երկրում դրա փոխարեն այլ ոչ էական խախտումներն են ուշադրության կենտրոնում, ինչպես օրինակ՝ մգացված ապակիներով մեքենա վարելը։ Առանց ամրագոտու երթեւեկելիս մարդկանց անվտանգությունը պաշտպանված չէ, մինչդեռ մգացված ապակիներով երթեւեկելիս այդպիսի մեծ խնդիր չի առաջանում։ Ստացվում է՝ երբեմն գլխավորն ու երկրորդականը խառնված են, ու այս թնջուկն այդպես էլ չի կարգավորվում։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։