2013 թվականի փետրվարի 10-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմում է ՍԴ ՀՀ նախագահի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Իր դիմումը Հայրիկյանը հետ կվերցնի, եթե ընդդիմությունը միավորվի եւ պաշտպանի մեկ թեկնածուի: «Ես 96-ին արդեն նման մի բան արել եմ եւ այդ ժամանակ առաջ եկավ հզոր մի թեկնածու»,- հիշում է ԱԻՄ նախագահը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը չի ուզում լսել հանուն ՀՀ-ի բարեկեցության Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու մասին. «Կոպիտ ասեմ՝ մենք անասուն չենք, որ՝ մաքուր օդ, կանաչ խոտ»:
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հիացած է Հայաստանի ժողովրդավարական հաջողություններով. «Փաստ է, որ Հայաստանն ունի իրական բազմակուսակցական խորհրդարան, որ մամուլում գոյություն ունի իրական բանավեճ, Հայաստանում առկա է հավաքների ազատություն, առկա է հասարակություն, որում մարդիկ կարող են արտահայտել իրենց հայացքները»։
ՀՀ կրթության ու գիտության եռակի նախարար Լեւոն Մկրտչյանն առանձնակի էնտուզիազմով չի մոտենում այն փաստին, որ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի արդյունքում կարող է 4-րդ անգամ նշանակվել նախարար. «Ես արդեն վաղուց ոչ մի բան չեմ բացառում»:
Ինչեր չէր տա Գագիկ Ծառուկյանը, որպեսզի կրկին չմտներ քաղաքականություն: Բայց «ժողովրդի վիճակը» տեսնելուց հետո վերադառնում է. «Փափուկ կյանքից նորից եկել եմ, որ իմ պարտքը կատարեմ»։
ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածու Արմեն Սարգսյանը մեկնում է Ստեփանակերտ եւ մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումից հետո շարադրում իր հիմնական մտահոգությունը. «Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը ստիպված է հաշիվ տալ, թե Ստեփանակերտում անձրեւի տակ ինչու ինքն անձամբ չէր պահում իր «զոնտիկը», այլ պահում էր անվտանգության աշխատողը, որին դրա համար չեն վարձատրում: «Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» եւս»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Գոհար Աբաջյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հաշվետու է իր ընտրողին, թե ինչու խորհրդարանում չի մասնակցել 132 թվեարկության: «Բացակայել եմ հիմնականում հարգելի պատճառով՝ գործուղումների եւ երկշաբաթյա հիվանդության (ջրծաղիկ) պատճառով։ Մի երկու անգամ էլ խցանումների պատճառով ուշացել եմ 5-10 րոպեով եւ բաց թողել առավոտյան քվեարկությունների պահը»,- պարզաբանում է տիկին Ջուլհակյանը:
ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան այլեւս որեւէ պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը. «Սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում տեղի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահել»։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ստիպված է պարզաբանել, թե ինչու էր Փաշինյանի անվտանգության աշխատակիցը մեքենայից ավտոմատն ուղղել մարդկանց ուղղությամբ. «Փողոցում ժողովուրդ էլ կա, մեքենա էլ կա, հանցագործ էլ կա, ինչ ասես կա։ Ավտոմատը պարզապես իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, եթե անհրաժեշտ լինի դա կիրառել»։
Հայաստան ԵՄ քաղաքացիական դիտորդներ հրավիրելու փաստը լրջորեն անհանգստացրել է Ռուսաստանին, բայց ՔՊ-ն նուրբ ակնարկով կհանգստացնի նրանց: «ԵՄ դիտորդները գալիս են դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի տարածքից։ Եթե որեւէ մեկը մտադրություն չունի ադրբեջանական տարածքից հայկական տարածքի վրա հարձակվելու, ինքը որեւէ մտահոգություն պետք է չունենա այս առաքելության գալով»,- ասում է իշխանական պատգամավոր Արման Եղոյանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: