ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փետրվարի 11-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պնդել է, որ Իսրայելը չպետք է շարունակի ռազմական գործողությունը Գազայի հատվածի խիտ բնակեցված սահմանամերձ Ռաֆահ քաղաքում՝ առանց խաղաղ բնակչության պաշտպանության «վստահելի» ծրագրի։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նա [Բայդենը] վերահաստատել է իր տեսակետը, որ Ռաֆահում ռազմական գործողություն չպետք է ընթանա, առանց այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն մարդկանց անվտանգության ու աջակցության ապահովելուն ուղղված վստահելի եւ իրագործելի ծրագրի»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության տեքստում։
Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահը նաեւ կոչ է արել «հրատապ եւ հստակ քայլեր ձեռնարկել՝ պաղեստինցի անմեղ խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության մատակարարումը եւ շարունակականությունը մեծացնելու համար»:
Ավելի վաղ՝ փետրվարի 9-ին Իսրայելի վարչապետի գրասենյակը տարածել էր հայտարարություն այն մասին, որ վարչապետ Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել էր կառավարությանը ներկայացնել Ռաֆահաի շրջանում պաղեստինցի խաղաղ բնակչության տարհանման եւ այնտեղից ՀԱՄԱՍ-ի գումարտակների դուրս մղման ծրագրեր:
Ընդգծենք, որ Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆահ քաղաքում, տարբեր տեղեկությունների համաձայն, ապաստանել է շուրջ 1․3 միլիոն պաղետինցի փախստական։
Իսրայելական 12-րդ ալիքի (Channel 12) փոխանցմամբ էլ Նեթանյահուն նախորդ շաբաթ ռազմական կաբինետի նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ռաֆահում ապաստանած ՀԱՄԱՍ-ի ուժերի դեմ Իսրայելը պետք է իր գործողությունները ավարտին հասցնի մինչեւ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամիսը, որը սկսվում է մարտի 10-ից։
Տեղի ունեցածը նախագահ Բայդենի առաջին հեռախոսազրույցն էր այն բանից հետո, երբ փետրվարի 9-ին հնչեցրած ելույթում ԱՄՆ նախագահը Գազայի տարածքում իր դաշնակից Իսրայելի ռազմական գործողությունները անվանել էր «չափից դուրս»։
Մյուս կողմից հեռախոսազրույցը նաեւ հետեւում է միջազգային մամուլում վերջին օրերին շրջանառվող այն տեղեկություններին, որ Եգիպտոսը դեմ է Ռաֆահում ռազմական գործողության մեկնարկին, քանի որ, ըստ Կահիրեի, այն կարող է հանգեցնել պաղեստինցի փախստակնների Սինայի թերակղզի ներթափանցմանը։
Ավելին, իսրայելական լրատվականներն էլ հայտնել էին, որ Կահիրեն սպառնացել է նույնիսկ չեղարկել դեռ 1978 թվականին ձեռք բերված խաղաղության պայամանագիրը, եթե փախստականները հայտնվեն Սինայի թերակղզում։
Տարածաշրջանում իրադրության լարվածության աճի մասին խոսում է նաեւ Գազայի հետ սահմանային հատվածում եգիպտական բանակի ռազմատեխնիկայի կուտակումները։
Ռաֆահայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողություննեի մասով զգուշացումներ հնչել է նաեւ Սաուդյան Արաբիայից։
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը զգուշացնում է Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքը գրոհելու եւ թիրախավորելու շատ լուրջ հետեւանքների մասին, որը վերջին հանգրվանն է հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել փախչել Իսրայելի դաժան ագրեսիայի պատճառով»,-ասվում է Թագավորության արտգործնախարարության հայտարարության տեքստում։