ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հոսպիտալացվել է միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։ Օսթինին տեղափոխել են Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոն։
Օսթինի հոսպիտալացման մասին ծանուցվել է Պաշտպանության փոխնախարարին, Միացյալ շտաբների պետերի կոմիտեին, Սպիտակ տանը եւ Կոնգրեսի նախագահին, ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։
Ավելի ուշ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի խոսնակը նաեւ հայտնել է, որ Օսթինը իր լիազորությունները փոխանցել է իր տեղակալ Քեթլին Հիքսին։
Նախորդ անգամ 70-ամյա Լլոյդ Օսթինը հոսպիտալացվել էր հունվարի 1-ին։ Սակայն այդ մասին շուրջ չորս օր ծանուցում չէր ուղարկվել ոչ նախարարի տեղակալին, ով ստանձնել էր նրա պարտականությունների մի մասը, ոչ էլ Սպիտակ տանը։ Օսթինի հոսպիտալացման մասին հանրությանը հայտնի դարձավ միայն հունվարի 5-ին։
Այդ ժամանակ Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ռազմական դեպարտմանետի քարտուղարը սովորական վիրահատության հետ կապված բարդությունների պատճառով գտնվում է հիվանդանոցում, սակայն ապաքինման փուլում է եւ շուտով կվերսկսի իր պարտականությունների իրագործումը: