Բաքվում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը՝ նշելով, որ եվրոպացի դիվանագետին «եւս մեկ անգամ ընդգծվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որը հակասում է նախնական պայմանավորվածություններին, լուրջ մտահոգություն է առաջացնում»։
Ադրբեջանական կողմը ԵՄ առաքելությանը նաեւ մեղադրել է այսպես կոչված «հեռադիտակային դիվանագիտության» գործակալության վերածվելու մեջ, որը հեշտացրել է տարբեր եվրոպացի պաշտոնյաների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական պատվիրակությունների այցելությունները սահմանամերձ շրջաններ։
«Առանց բացառության, բոլոր նման այցերն իրականացվում են Ադրբեջանի նկատմամբ ատելություն եւ անհիմն ադրբեջանաֆոբիա հրահրելու նպատակով։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ «հեռադիտակային դիվանագիտության» այս ակտիվությունը նկատվում է այն ժամանակ, երբ սահմանին աննախադեպ անդորր է տիրում, երբ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը լուրջ քայլեր են ձեռնարկում վստահության ամրապնդման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության տեքստում։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ նաեւ նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելության իրավասության ներքո գտնվող շրջաններում սահմանի անօրինական հատման փորձերի կանխման հետ կապված վերջին միջադեպը լուրջ ստվեր է գցել դրա հայտարարված նպատակների վրա։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Բաքուն հայտարարել էր Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին։ Այս իրադարձությունից հետո ադրբեջանական կողմը Չեխիայի քաղաքացու գործունեությունը կապել էր ԵՄ դիտորդական առաքելության հետ։
«ԵՄ-ին խիստ կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները որպեսզի գործի Հայաստանի տարածքում տեղակայված առաքելության մանդատի համաձայն՝ որպես չեզոք, քաղաքացիական եւ անզեն առաքելություն եւ զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է թիրախավորել Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ որեւէ այլ կերպ ազդեի նրա օրինական անվտանգության շահերի վրա»,-ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։