Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» (ՀՑԹԻ) հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թվականներին ՀՑԹԻ ավագ, 2018 թվականից առաջատար գիտաշխատող, 2018 թվականից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։ Այս մասին ասվում է ՀՑԹԻ-ի facebook-յան էջում տարածված հայտարարության մեջ։
Էդիտա Գզոյանը 2002 թվականին ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն բաժինը, իսկ 2004 թվականին ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան եւ մինչեւ 2009 թվականը աշխատել այդ բաժնի լաբորանտ։
2009-2013 թվականներին որպես գիտաշխատող աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում։ 2010-ից մինչ օրս աշխատում է որպես ավագ գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական ինֆորմացիայի վերլուծության եւ մոնիթորինգի կենտրոնում։
2012 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավունքի բաժնի մագիստրատուրան։ Նույն տարում ձեւակերպվել է նաեւ որպես Երեւանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հայցորդ։
2013-ին ստացել է Տորոնտոյի համալսարանի Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի մասնակցության հավաստագիր։ Նույն տարում նշանակվել է որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող։
2014 – 2018 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական ինֆորմացիայի վերլուծության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ։
2016-ին հավաստագիր է ստացել Միջազգային քրեական իրավունքի գծով Լեյդենի համալսարանից։
2018 –ից մինչեւ օրս զբաղեցնում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը։