Միացյալ Նահանգները բանակցում է Գազայի հատվածում առնվազն վեց շաբաթով զինադադար հաստատելու շուրջ, որը Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ պետք է դառնա ավելի ընդգրկուն համաձայնագրի մաս՝ ներառող նաեւ պատանդների ազատ արձակման գործընթացը: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ Վաշինգտոնում անցկացրած բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք թե՛ Պաղեստինի, եւ թե՛ Իսրայելի ժողովրդի խաղաղության, անվտանգության եւ արժանապատվության համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ըստ Բայդենի վեցշաբաթյա հրադադարը, որի վրա աշխատում է ԱՄՆ-ն, մի կողմից կարող է օգնել իսրայելցի պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերին, իսկ մյուս կողմից՝ մեծացնել Գազայի խաղաղ բնակչության համար մարդասիրական օգնության մատակարարման ծավալները։ ԱՄՆ նախագահի խոսքերով ժամանակավոր զինադադարը կարող է հիմքեր դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։
Ելույթում Բայդենը Իսրայելին նաեւ կոչ է արել առանց պաղեստինցի փախստականների «անվտանգությունը ապահովող վստահելի ծրագրի» չանցնել ցամաքային ռազմական գործողության Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող հարավային Ռաֆահ քաղաքում։
Միջազգային մարդասիրական կազմակերպությունների տվյալներով՝ վերջին շաբաթներին Ռաֆահում ապաստան է գտել մոտ 1 մլն 300 հազար պաղեստինցի։
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ն էլ մամուլի ասուլիսի ընթացքում, կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում։
«Մենք չենք կարող թույլ տալ հարձակում Ռաֆահի վրա, դրան անպայման կհաջորդի հումանիտար աղետ։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել եւթույլ տալ, որ այսպես շարունակվի։ Մեզ հիմա պետք է տեւական զինադադար։ Այս պատերազմը պետք է ավարտվի»,-ասել է Հորդանանի թագավորը։